Կայացավ ասմունքի գարնանային մրցույթը՝ նվիրված Պ. Սևակի 100-ամյա հոբելյանին
Մարտի 22-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ավանդական դարձած ասմունքի գարնանային մրցույթը, որն այս տարի նվիրված էր մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը, ով ներկայացրեց մրցութային հանձնաժողովի կազմը: Ժյուրիի կազմում էին հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը և բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանը:
Սևակի ստեղծագործություններով հանդես եկան 9-12-րդ դասարանների 69 աշակերտներ՝ ոչ միայն մարզկենտրոն Վանաձորի, այլև Լոռու մարզի տարբեր տարածաշրջանների բնակավայրերից, մասնավորապես՝ Ալավերդի, Օձուն, Ճոճկան, Աքորի, Դեբեդ, Դսեղ, Գյուլագարակ, Վարդաբլուր, Ստեփանավան, Կուրթան, Գարգառ, Սպիտակ, Լեռնանցք, Դարպաս, Լեռնապատ, Արջուտ, Մարգահովիտ համայնքների դպրոցներից:
Մրցույթի ավարտին ընտրվեցին լավագույն ասմունքողները: 14 աշակերտներ արժանացան շնորհակալագրերի:
Ասմունքի մրցույթին երրորդ հորիզոնականը գրավեցին Աննա Ավագիմյանը՝ Դարպասի միջնակարգ դպրոցից, Սոֆիյա Աղասարյանը՝ Վանաձորի «Էվրիկա» դպրոցից և Անահիտ Ռամազյանը՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցից:
Երկրորդ հորիզոնականը գրավեցին Մարիետա Հարությունյանը՝ Կուրթանի միջնակարգ դպրոցից, Գոռ Մկրտչյանը՝ Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցից և Սուսաննա Ասլանյանը՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցից:
Ասմունքի մրցույթում «Խենթը» ստեղծագործությամբ հաղթող ճանաչվեց Նռանե Բալայանը՝ Ստեփանավանի ավագ դպրոցից:
Մրցույթի նպատակն էր բացահայտել օժտված դպրոցականներին, խթանել նրանց հետաքրքրությունները գրականության և ընթերցանության նկատմամբ: Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է մրցույթի մասնակիցներին և հաղթողներին՝ ցանկանալով նորանոր ձեռքբերումներ:
Մրցույթի արդյունքները՝ հղումով։