Հանդիպում գործատուի և Վանաձորի պետական համալսարանի ուսանողների միջև
Մարտի 22-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Սմարթ կաֆեում տեղի ունեցավ հանդիպում Mounthree հյուրանոցային համալիրի զարգացման բաժնի ղեկավարի, ՄՌԿ բաժնի ղեկավարի, ինչպես նաև համալսարանի «Սերվիս», «Կառավարում», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների միջև:
Հանդիպման սկզբում շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող Անուշ Սիմիկյանը ներկայացրեց գործատուի հետ հանդիպման նպատակը, որից հետո հյուրերը ներկայացրին առաջարկվող հաստիքներն ու պահանջվող հմտությունները, որոնց համար ցանկալի է նշված մասնագիտությունների ուսանողների ակտիվ ներգրավվածությունը:
Թափուր հաստիքներին դիմելու պարագայում դիմորդները նախ մեկամսյա տևողությամբ ուսումնական գործընթացի են մասնակցելու, ապա նաև ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն կստանան: Ի դեպ՝ ուսումնառությունն ու փորձաշրջանը վճարվելու են: Նախապատվությունը տրվելու է ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուների գերազանց իմացությամբ դիմորդներին: