Նոր համագործակցություն ՎՊՀ-ի և «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միջև՝  հանուն Վանաձորի կրթության զարգացման

Հունիսի 2-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Արմեն Ծատուրյանը և «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Ղուկասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորելով երկու հաստատությունների ջանքերը տարածաշրջանում բարձրագույն և միջին մասնագիտական կրթության կապերի ամրապնդման համար։

Այս նոր գործընկերությունը նպատակ ունի ձևավորել կայուն համագործակցային հարթակ, որտեղ կիրականացվեն համատեղ գիտակրթական ու բժշկական ծրագրեր, հետազոտություններ, հրատարակություններ և հատկապես «Առաջին բուժօգնություն» դասընթացը։ Կողմերը մեծապես կարևորում են նաև աշխատակիցների փոխադարձ վերապատրաստումներն ու գիտական փորձի հանրահռչակումը, ինչը նոր որակ ու թափ կհաղորդի որակյալ կադրերի պատրաստմանը։

Հատկանշական է, որ հուշագրի ստորագրումը միայն պաշտոնական բնույթ չէր կրում. հենց նույն օրը տրվեց գործնական քայլերի մեկնարկը։ Որպես համագործակցության առաջին գեղեցիկ քայլ՝ ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանն անձամբ վարեց «Առաջանցիկ ուսուցումը որպես կրթության ընդհանրացնող մոդել» վերապատրաստման սեմինար-դասընթացը՝ ազդարարելով երկարատև ու արդյունավետ աշխատանքի սկիզբը։

Լիահույս ենք, որ այս նախաձեռնությունը լավագույնս կծառայի մեր քաղաքի ու կրթական համակարգի զարգացմանը։

Previous Article