Ներբուհական վերապատրաստում ՝ «Կոնֆլիկտների լուծման հմտություններ» թեմայով

  «Վեճերի մեջ ծնվում է ճշմարտությունը, բայց դրանք կարող են նաև սպանել այն», պնդում էին հին հույն իմաստունները։ Ահա այս տրամաբանությամբ Էլ 2025 թվականի նոյեմբերի 11-ին և 13-ին Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի կարողությունների զարգացման «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» DeSIRe նախագծի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի ուսանողների և դասավանդող ու վարչական աշխատակիցների համար իրականացվեցին սեմինարներ՝ «Կոնֆլիկտների լուծման հմտություններ» թեմայով։

Այն վարում էր ՎՊՀ պատմության ամբիոնի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հենրի Մատինյանը։ Դասընթացի մշակման նպատակով DeSIRe նախագծի ներկայացուցիչները առցանց և առկա ձևաչափերով վերապատրաստումներ էին անցել Իռլանդիայի Դուբլին քաղաքի Դան Լերիի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտում:

Վերապատրաստման առաջին մասում սեմինարի մասնակիցները ինտերակտիվ ձևով հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց պատկերացումները «կոնֆլիկտ» հասկացության վերաբերյալ՝ սահմանելով իրենց ընկալումը, մասնակցության նպատակն ու ակնկալիքները։

Երկրորդ մասում Հ. Մատինյանը ներկայացրեց կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող համաշխարհային կարևորագույն՝ Մորթոն Դոյչի «համագործակցության և մրցակցության», Մերի Փարքեր Ֆոլլեթի «կառուցողական կոնֆլիկտի», Լուիս Քոզերի «սոցիոլոգիական կոնֆլիկտի», Կատց-Կանի «բաց համակարգերի», Թոմաս-Քիլմանի «կոնֆլիկտային վարքաձևերի մոդելի», Ֆիշեր-Յուրիի «փաստարկային բանակցությունների» տեսությունները։

Պրակտիկ վարժությունների և օրինակների հիման վրա առանձնացվեցին կոնֆլիկտի կառավարման արդյունավետ ռազմավարությունները, բանակցությունների վարման հիմնարար սկզբունքները, որոնք ուղեկցվեցին հայտնի մտածողների և ժողովրդական իմաստնության դիպուկ մեջբերումներով։ Սեմինարի վերջին մասում ուսանողների համար անցկացվեց խմբային խաղ-վարժություն «Թոմաս-Քիլմանի կոնֆլիկտային վարքաձևերի մոդելով», իսկ դասավանդող և վարչական աշխատակիցները Քեննեթ Թոմասի և Ռալֆ Քիլմանի՝ 1974 թ. հեղինակած «կոնֆլիկտային վարքաբանության» մոդելի թեսթով վերլուծեցին սեփական անձի վարքագծային առանձնահատկությունները կոնֆլիկտային իրավիճակներում՝ ստանալով առաջարկություններ կոնֆլիկտային իրավիճակներն ավելի արդյունավետ կառավարելու համար։

Սեմինարն ավարտվեց այն հստակ համոզմունքով, որ կոնֆլիկտները յուրաքանչյուրիս առօրյայի անբաժան մասն են և օբյեկտիվորեն անհրաժեշտ են զարգանալու համար։ Եվ ինչպես Չ․ Չապլինն է նկատել. «․․․․Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում»:

Previous Article
Next Article