«Արդյունավետ գործարար հաղորդակցություն և բանակցային հմտություններ» թեմայով ներբուհական վերապատրաստում

Մայիսի 14-ին և 16-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց «Արդյունավետ գործարար հաղորդակցություն և բանակցային հմտություններ» խորագրով ներբուհական սեմինար աշխատակիցների և ուսանողների համար։ Այն վարեց օտար լեզուների և գրականության ամբիոնի ավագ դասախոս, Էրազմուս+ DeSIRe նախագծի անդամ Արինե Դանիելյանը։ Սեմինարի  անցկացման նպատակն եր Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի վերապատրաստման ընթացքում ձեռք բերած փորձի փոխանցումը և մեթոդական նյութերի տրամադրումը: Սեմինարը նախատեսված էր երկու տարբեր նպատակային խմբերի համար. մայիսի 14-ին՝ ուսանողների, իսկ մայիսի 16-ին՝ դասախոսների և աշխատակիցների։ Սեմինարները միտված էին  զարգացնելու մասնակիցների հաղորդակցման և բանակցային կարողությունները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց հաղորդակցության կառուցվածքը, հաղորդագրության ձևավորման և փոխանցման մեխանիզմները, ինչպես նաև բանակցային ռազմավարությունների մշակումը։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ակտիվ լսման կարողությունների զարգացմանը, մշակութային ազդակների ընթեռնելիությանը և հաջող բանակցությունների փուլային կառուցվածքի իմացությանը։ Սեմինարն անցկացվեց տեսական նյութի ուսումնասիրությամբ, գործնական առաջադրանքներով, ներառելով իրավիճակային խաղեր, վարժություններ և խմբային քննարկումներ, որոնք ուղղված էին խոսքի կառուցման, առաջարկների ձևակերպման և հակառակ տեսակետների հետ արդյունավետ աշխատելու հմտությունների զարգացմանը։ Մասնակիցները նաև հարստացրին իրենց բառապաշարը և սովորեցին արտահայտություններ, որոնք կիրառելի են տարբեր բանակցային իրավիճակներում։ Սեմինարը նպաստեց ոչ միայն մասնագիտական հմտությունների կատարելագործմանը, այլև համալսարանում արդյունավետ հաղորդակցման և համագործակցային մշակույթի ձևավորմանը։ Սեմինարի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին հաղորդակցման և բանակցային տարբեր հմտություններ:   

Previous Article
Next Article