«Ռազմական գործը և մշակույթը» խորագրով միջոցառում՝ ՎՊՀ գրադարանում

2026 թ․ հունվարի 30-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ «Ռազմական գործը և մշակույթը» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի օրվան։


Միջոցառման նպատակն էր ռազմարվեստը ներկայացնել որպես մշակութային երևույթ։ 

Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, ռեկտորի խորհրդական Գարեգին Քարհանյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական  անձնակազմը, Լոռի-Փամբակի երկրագիտական  թանգարանի ղեկավար Արմինե Ավդալյանը, Վանաձորի ավագ դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։

Միջոցառմանը բանախոսեցին Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Աննա Սահակյանը և համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Հարությունյանը։

Համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը կարևորեց գրադարանում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք ոչ միայն աշխուժացնում են գրադարանային կյանքը, այլև նպաստում գիտելիքների ընդլայնմանը, ազգային ինքնագիտակցության ամրապնդմանն ու երիտասարդների մոտ հայրենասիրական արժեքների ձևավորմանը։

Գրադարանի տնօրեն Գոհար Գաբոյանը նշեց․ «Միջոցառման շրջանակում միահյուսվեցին գրականությունը, պատմությունը, մշակույթը, ռազմարվեստը, դպրոցն ու համալսարանը, ներկայիս ուսանողն ու մեր վաղվա ուսանողը՝ ի դեմս  ներկա գտնվող ավագ դպրոցների աշակերտների։»

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանն ընդգծեց, որ գրադարանում կազմակերպվող միջոցառումները կարևոր են գիտամշակութային կյանքի հարստացման և ազգային արժեքների պահպանման համար։  

Previous Article
Next Article