Վանաձորի պետական համալսարանի գրադարանում նշվեց Պարույր Սևակի մեկդարյա հոբելյանը
Մայիսի 7-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում՝ «Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ» վերտառությամբ:
Ներկա էին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, դասախոսներ, ուսանողներ և պարզապես Սևակի պոեզիայի սիրահարներ:
Միջոցառման մասնակից ուսանողները ասմունքի միջոցով ներկայացրին Պարույր Սևակ բանաստեղծին, նրա կյանքը, փիլիսոփայությունը, կրոնական հայացքները և անգահատելի գրական ժառանգությունը, որի արժեքը հանրությունը միայն տարիներ անց հասկացավ:
Սևակագետ, միջոցառման բանախոս Գայանե Մալումյանը ներկայացրեց Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, ինչպես նաև պատասխանեց միջոցառման ներկաների բոլոր հարցերին՝ ամենը համեմելով սևակյան պատառիկներով:
Ցերեկույթի ողջ ընթացքում համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լարիսա Ալավերդյանը կտավին հանձնեց Պ. Սևակի դիմանկարը՝ վերջում նվիրելով այն Վանաձորի պետական համալսարանի գրադարանին:
Միջոցառման ավարտին սևակյան ստեղծագործությունների ուրույն մեկնաբանությամբ հանդես եկավ Տեր Վահան քահանա Ազարյանը, իսկ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը ներկաների հետ կիսվեց Պարույր Սևակի հետ իր ուսանողության տարիներին ունեցած հանդիպման քաղցր հուշերով:
Ցերեկույթի վերջում գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչ, գրադարանի մատենագետ Նարե Տոնոյանին և բանախոս Գայանե Մալումյանին: