Վանաձորի պետական համալսարանի թիմը՝ «Մեդիամարտ» միջբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթի հաղթող
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը ընդունեց հունիսի 18-ին «Մեդիամարտ» միջբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթին ՎՊՀ-ն ներկայացնող թիմի անդամներին:
Ի դեպ՝ «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջբուհական խաղ-մրցույթում Վանաձորի պետական համալսարանի թիմը զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը: «Մենք և մեդիան. անվտանգ թվային միջավայր» խորագրով մրցույթի 3-րդ տեղը գրավել է ՎՊՀ քոլեջի ուսանող Ժորժ Վարդանյանը, երկրորդ հորիզոնականը՝ «Կերպարվեստ» մասնագիտության ուսանողուհի Ստելլա Առաքելյանը:
«Մենք եւ մեդիան. թվային անվտանգ միջավայր» խորագրով շարադրությունների եւ գեղարվեստական նկարների մրցույթը, որին էլ, որպես ծրագրի ամփոփում, հաջորդեց «Մեդիամարտ» ինտելեկտուալ միջբուհական խաղ-մրցույթը (բրեյն-ռինգ), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության «Թվային միջավայրում պաշտպանված եւ մեդիագրագետ ուսանող» ծրագրի բաղկացուցիչ մաս էր:
Ծրագրի ընթացքում ուսանողների մասնակցությամբ նկարահանվել է նաեւ ուսուցողական-սոցիալական տեսահոլովակ՝ մեդիագրագիտության եւ կիբերանվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ:
Շնորհավորելով ուսանողներին հաղթանակի կապակցությամբ՝ ռեկտորը կարևորեց ոչ միայն մեր ժամանակներում խիստ անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերումը, այլև թիմային ոգին և վանաձորյան այլ բուհերի ուսանողության հետ շփումը:
Շնորհավորում ենք և ցանկանում, որ մեր ուսանողների այս հաղթանակը ավելի մեծ հաղթանակների սկիզբը լինի: