Եվրոպական «ՄԵԴԻԱ» ծրագրի (Erasmus+) շրջանակում Պոլիտեխնիկում քննարկվել են առցանց կրթության որակի բարելավման և միկրոորակավորումների ռազմավարական ուղղությունները
Էրազմուս+ «ՄԵԴԻԱ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի գերակա նպատակն է նպաստել առցանց կրթության որակի բարելավմանը Մոլդովայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվել է թեմատիկ քննարկում՝ կենտրոնացած ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առցանց կրթության զարգացման, միկրոորակավորումների ձևավորման և դրանց արդյունավետ կիրառման հիմնախնդիրների վրա։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի առաջատար բուհերի, շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաև կրթության ոլորտում ներգրավված անկախ մասնագետներ։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են հիմնավորված առաջարկություններ՝ միկրոորակավորումների անհրաժեշտության, իրավասությունների վերանայման և օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ, ընդգծելով համակարգված և ինստիտուցիոնալ մոտեցման կարևորությունը՝ կրթական քաղաքականության ձևավորման գործընթացում։
Սարգիս Ասատրյանց, ՀԱՊՀ Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր. «ՄԵԴԻԱ» ծրագրի ՀԱՊՀ հիմնադրամի համակարգող. «ՄԵԴԻԱ» ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում համակարգված մոտեցմամբ վերանայելու և բարելավելու առցանց կրթության որակը Հայաստանում: Ծրագրի նպատակներից են միկրոորակավորումներ ընդգրկող կրթական գործընթացների բարելավումը, առցանց ուսուցման կենտրոնների (ՄԵԴԻԱ կենտրոնների) ստեղծումը և համապատասխան իրավական-փաստաթղթային հիմքի մշակումը։ Մեր հանդիպման հիմնական նպատակը առանձին գործիքների մշակումը չէ, այլ գործընկեր բուհերի փորձի համադրումը, առկա միկրոորակավորումների նախաձեռնությունների համակարգումը և միասնական ազգային փաստաթղթային փաթեթի ձևավորումը, որը կդառնա քաղաքականության մշակման հստակ ուղեցույց»:
Պանելային քննարկման հիմնական թեմաներն էին.
Արդյունավետ թվային կրթության էկոհամակարգի զարգացումը,
Թվային հմտությունների և կարողությունների զարգացումը,
Իրավասությունների շրջանակի և մասնագիտությունների նոր անվանացանկի վերաբերյալ առաջարկությունները:
ՀԱՊՀ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի և ֆոնդահայթայթման բաժնի պետ Անի Մամիկոնյանի գնահատմամբ, պանելային քննարկումները կարևոր են առկա խնդիրները վերհանելու և քաղաքականության մշակման հիմնավոր առաջարկներ ձևավորելու տեսանկյունից։
Քննարկումների ավարտին առանձնացվել են հիմնական մարտահրավերները, առաջարկվել են դրույթներ, որոնք կուղղվեն ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ քաղաքականության և ազգային ուղենիշների մշակման գործում աջակցություն ստանալու նպատակով։
Մասնակիցները ընդգծել են համագործակցության ու միասնական մոտեցման կարևորությունը՝ հանուն կայուն և ներառական կրթական միջավայրի ձևավորման։


