Մայրենի լեզվի միջազգային օրը հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում կայացավ մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Մեր ոսկեղենիկ լեզվի հավերժությանը նվիրված միջոցառումը նախաձեռնել էր հայոց լեզվի և գրականության ամբիոնը: Միջոցառումը մեկնարկեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների՝ հայոց լեզվի ծագմանը և զարգացմանը նվիրված պատմական ակնարկներով, որին հաջորդեցին համաշխարհային մեծերի կարծիքները՝ հայոց լեզվի մասին:
Միջոցառման երկրորդ հատվածում բեմահարթակը տրամադրվեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին, որոնք բանաստեղծական հատվածների շարան էին պատրաստել մեր մայրենի լեզվի մասին: Հայոց լեզվին նվիրված բանաստեղծական պատառիկներին հաջորդեց Վանաձորի պետական համալսարանի «Ադելաս» պարային խմբի գեղարվեստական կատարումը:
Ինչպես հայտնի է՝ գրավոր հայերենը զարգացման մի քանի փուլեր է անցել, որոնք ապահովել են նաև մեր պատմության բարդ, սակայն անխախտելի ընթացքը: «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները հանդես եկան փոքրիկ բեմականացմամբ՝ յուրաքանչյուրը խորհրդանշելով մայրենի լեզվի զարգացման մի փուլը: Իսկ բարբառները խորհրդանշող մասնակիցը հանդիսատեսին փոխանցեց լեզվի հետագա զարգացման էստաֆետը: Միջոցառման ողջ ընթացքում գերիշխեց մեկ նպատակ՝ անաղարտ և մաքուր պահել մայրենի լեզուն: Իսկ լեզվի պահպանման կարևոր պայմաններից մեկը այդ լեզվի խորամուխ ուսումնասիրությունն է՝ հանձինս հայ նշանավոր լեզվաբանների: Ուստի հատկանշական է, որ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը մեկտեղվեց Մայրենի լեզվին նվիրված միջոցառման հետ: Ցերեկույթի ընթացքում լեզվաբան Գուրգեն Խաչատրյանը ներկայացվեց որպես ստեղծագործող՝ իր կտավների, բանաստեղծությունների, հեղինակած երգերի միջոցով:
Գուրգեն Խաչատրյանին հոբելյանի առթիվ բեմահարթակից շնորհավորեցին հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Թերեզա Շահվերդյանը:
Տոնական միջոցառումը եզրափակվեց «Բիայնա» երգչախմբի կատարմամբ: