«Մասնագիտությունների տոնավաճառ» Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նոյեմբերի 22-ին կայացավ արդեն ավանդական դարձած «Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումը:
«Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցոռումը, որ միտված էր հերթական անգամ նպաստելու բուհ-դպրոց կապի ամրապնդմանը, աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նախաձեռնել էր համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը:
Միջոցառմանը մասնակցեցին ինչպես Վանաձորի, այնպես էլ Լոռու մարզի 250 և ավելի դպրոցականներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Ելույթներով հանդես եկան նաև հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիյա Բրուտյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Պապոյանը, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Օհանյանը:
Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր մասնագիտություն ներկայացվեց իր բովանդակությունը լուսաբանող ցուցադրական նյութերով և պարագաներով ձևավորված տաղավարով, որոնք հնարավորություն տվեցին աշակերտներին յուրօրինակ ձևաչափով տեղեկանալու համալսարանի մասնագիտությունների առանձնահատկություններին և ընդունելության պայմաններին: Աշակերտները հնարավորություն ունենացան նաև լսարանային ձևաչափով հանդիպելու բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, ծանոթացան համալսարանի ուսանողական առօրյային, ավանդական միջոցառումներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մասնագիտությունների մասին աշակերտներին տրամադրվեցին նաև տեղեկատվական նյութեր, որոնք կօգնեն կանխորոշել իրենց նախնական մասնագիտական հետաքրքրություններն ու կարողությունները:
«Մասնագիտությունների տոնավաճառ» միջոցառումն ուղեկցվեց Վանաձորի պետական համալսարանի «Բիայնա» երգչախմբի, «Ադելաս» պարային համույթի և Վանաձորի սպորտդպրոցի ակրոբատիկ եռյակի գեղարվեստական համարներով: