«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության ուսանողների մարզական հաջողությունները
Ապրիլի 19-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի մոտ հյուրընկալվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, նույն ֆակուլտետի ուսանողներ Վարդան Սարգսյանն ու Համլետ Հարությունյանը:
Ռուստամ Սահակյանը ողջունեց և շնորհավորեց ուսանողներին, ովքեր ուսմանը զուգահեռ ակտիվություն են ցուցաբերում նաև մարզական ոլորտում և գրանցում հաջողություններ: «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հեռակա ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանող Վարդան Սարգսյանը բազկամարտի հանրապետական ուսանողական առաջնությունում հանդես է եկել 90 կգ քաշային կարգում և գրավել առաջին հորիզոնականը:
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության առկա ուսուցման համակարգի առաջին կուրսի ուսանող Համլետ Հարությունյանը մասնակցել է տղաների հրաձգության առաջնությանը և անհատական հաշվարկով զբաղեցրել երկրորդ հորիզոնականը:
Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմը և ուսանողությունը շնորհավորում են մեր համալսարանի պատիվը բարձր պահող ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ: