Կայացավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի ապրիլ ամսվա նիստը
Ապրիլի 25-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտխորհրդի հերթական նիստը: Նախ հաստատվեց նիստի օրակարգը:
Մասնագիտական կողմնորոշման, իրազեկման և դիմորդների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ զեկուցեց գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
Ի գիտություն ընդունվեցին նաև ուսանողների ինքնուրույն աշխատանքների նոր արդյունավետ ձևերի վերաբերյալ հաղորդումը, ՄԿԾ-ների արտաքին գնահատման վերաբերյալ զեկույցը՝ հիմնված գործընկերային գնահատման վրա:
Գիտխորհրդի նիստին հաստատվեց Մագիստրատուրայի կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվանից ներդրվող «Ծրագրային ճարտարագիտություն» (061102.00.7) մասնագիտության «Ծրագրային ճարտարագիտություն» (061102.01.7) կրթական ծրագրի ուսումնական պլանը:
Գիտխորհրդի կազմը երաշխավորեց «Հեռանկարային դեղաբույսերի կենսաէկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրումը կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում» թեմայով մասնակցության հայտը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր–2025» մրցույթի շրջանակներում:
Հաստատվեցին նաև ՎՊՀ թիվ 210 լսարանն անվանակոչելու առաջարկությունն ու «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի համացանցային պաշտոնական կայքի և սոցիալական ցանցերի աշխատանքների կազմակերպման կարգը»: