ՎՊՀ աշխատակիցների այցը Մարիբորի համալսարան
ERASMUS+ (Ժան Մոնե գործողություններ) ծրագրի PROMՕEU – Promotion of European Studies in Armenia- (Եվրոպական ուսումնասիրությունների խթանում) նախագծի իրականացվող գործողությունների շրջանակներում Վանաձորի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը և Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը 2022 թ. հոկտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այց են կատարել Սլովենիայի Մարիբորի համալսարան:
PROMՕEU նախագծի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ԵՄ-ի հետ կապված ուսումնասիրությունների իմացությանն և իրազեկմանը, համապատասխան կադրերի կրթությանն ու վերապատրաստմանը:
Հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին ողջունեցին Մարիբորի համալսարանի ռեկտոր Զդրավկո Կաչիչը, ծրագրի ղեկավար պրոֆեսոր Սիլվո Դևետակը: Համաձայն օրակարգի՝ ծրագրի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ծանոթացան Մարիբորի համալսարանի գործունեությանը, առաջատար փորձին, միջազգային ծրագրերին, գրադարանային համակարգին: Լ. Վարդանյանը և Մ. Բրուտյանը հանդիպումներ ունեցան Արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, որի շրջանակներում քննարկվեցին հետագա բոլոր համագործակցային հնարավորությունները: Մարիբորի համալսարանն իր պատրսատակամությունը հայտնեց անձնակազմի և ուսանողների կրեդիտների միջազգային շարժունության, ինչպես նաև համատեղ գիտական ուսումնասիրությունների իրականացման ուղղությամբ:
Այցի շրջանակներում կազմակերպվել էր քննարկում Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Մ. Բրուտյանը սլովենացի գործընկերներին ներկայացրեց Արցախյան հիմնահարցը:
Քննարկվեցին նաև ծրագրի հետագա գործողությունները՝ ուսանողական էսսեների մրցույթի անցկացում, խմբագրում, տպագրություն, Մարիբորի համալսարանի դասախոսների կողմից Հայաստանի գործընկեր բուհերի դասախոսների և ուսանողների համար առցանց դասախոսությունների անցկացում, ուսանողական ամառային դպրոցի իրականացում, ծրագրի ամփոփիչ համաժողովի կազմակերպում: