ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

Կյանքից հեռացել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ք.գ.թ., դոցենտ Էդիկ Խաչատրյանը:

Էդիկ Աշոտի Խաչատրյանը ծնվել է 1946թ. հունվարի 15-ին Սպիտակում՝ ծառայողի ընտանիքում: 1952թ. ընդունվել և 1962թ. ոսկե մեդալով ավարտել է Սպիտակի թիվ 3 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը, որն էլ գերազանցությամբ ավարտել է 1968թ.:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է նշված ամբիոնում՝ նախ որպես ասիստենտ, ապա՝ որպես ավագ դասախոս: 1970թ. ընդունվել է ԵրՊԻ ասպիրանտուրան, որը շարունակել է Մոսկվայի ֆիզիկական քիմիայի ինստիտուտում: Ասպիրանտուրան ավարտելուց հետո 1973թ. շարունակել է աշխատել ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի քիմիայի ամբիոնում՝ որպես ավագ դասախոս:

1978թ. մինչև 1991թ. աշխատել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի արդյունաբերության, տրանսպորտի և կապի բաժնում՝ նախ որպես հրահանգիչ, ապա՝ որպես բաժնի վարիչ, սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, կուսակցական հանձնաժողովի նախագահ:

1990թ. ընտրվել է քաղխորհրդի առաջին գումարման պատգամավոր:

2005թ. ստացել է քիմիական գիտությունների դոցենտի կոչում, 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Եղել է «Հայաստանի արդյունաբերական կատալոգ»-ի հրատարակչության գիտախմբագրական խորհրդի անդամ:  

Ամուսնացած է, ունի 2 որդի և 4 թոռ:

Վանաձորի պետական համալսարանը վշտակցություն ու զորակցություն է հայտնում Խաչատրյանների ընտանիքին՝ համբերություն մաղթելով հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին: 

Previous Article
Next Article