Վանաձորի պետական համալսարանում պաշտոնապես բացվեց «Սուսաննա Սարգսյան» բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգված լսարանը
2025 թ․ դեկտեմբերի 23-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի «Սուսաննա Սարգսյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված և կահավորված լսարանի պաշտոնական բացման արարողությունը։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Մանթաշյանց» բիզնես ակումբի Լոռու մասնաճյուղի հիմնադիր ղեկավար Հովհաննես Դանիելյանի կողմից։
Ինչպես նշեց հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը․ «Լսարանը հիմնականում նախատեսված է գործարարության ուղղվածության դասընթացների անցկացման համար։ Լսարանի պատերին փակցված են հայ մեծանուն գործարարների լուսանկարները գլխավորությամբ՝ Ալեքսանդր Մանթաշյանցի, որոնք ոչ միայն գործարարության, հաջողության և տաղանդի մարմնացումներ են, այլև եղել են կրթության և մշակույթի մեծ բարերարներ ու աջակիցներ։ Նրանք մեր ուսանողների համար պետք է հանդիսանան ուղենիշներ և էտալոններ։ Այս քայլը բարեգործության մշակույթի կարևոր օրինակ և ոգեշնչող ուղերձ է հասարակությանը»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը։ Նա ընդգծեց, որ կրթական միջավայրի բարելավումը կարևոր պայման է արդյունավետ ուսումնառության համար, իսկ գործարարների կողմից կրթությանը ցուցաբերվող աջակցությունը վկայում է նրանց բարձր արժեքների և սոցիալական պատասխանատվության մասին։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակին և նշեց, որ համալսարանը բաց է նմանատիպ համագործակցությունների համար։
Իր ելույթում Հովհաննես Դանիելյանը նշեց, որ հիմնադրամի գործունեության առաջնահերթ ուղղություններն են կրթության, սպորտի և համայնքների զարգացումը։ Նա նաև հայտարարեց նոր նախաձեռնության մասին՝ տեղեկացնելով, որ առաջիկայում համալսարանի շուրջ 15 ուսանող կարող է օգտվել հիմնադրամի կողմից սահմանվող կրթաթոշակից։
Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, համալսարանի էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի նախկին դասախոս Տարոն Սիմոնյանը՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակականությունը։
Բուհ–գործարար համայնք համագործակցությունը ևս մեկ անգամ փաստում է, որ կարող է ունենալ նշանակալից ազդեցություն կրթության որակի բարձրացման գործընթացում։









