Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի պատվիրակության այցը ՎՊՀ

Հունիսի 15-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Լեհաստանի Պոզնան քաղաքի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի   ռեկտոր, պրոֆեսոր Բոգումիլա Կանիևսկային, պրոռեկտոր, պրոֆեսոր Պյոտր Պավլուչին և հումանիստական ուսումնասիրությունների ֆակուլտետի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆալ Դիմչիկին։

Այցի շրջանակում հյուրերը հանդիպում ունեցան ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանի, պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի, միջազգայնացման գծով ռեկտորի խորհրդական Լուսիկ Վարդանյանի, դեկանների, ամբիոնի վարիչների և ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Լեհական պատվիրակության այցը նշանավորվեց երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ։

Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկու բուհերի համագործակցությունը գիտահետազոտական և կրթական ոլորտներում՝ խթանելով դասախոսների, հետազոտողների և ուսանողների ակադեմիական շարժունությունը, համատեղ գիտական նախագծերի իրականացումը, գիտաժողովների կազմակերպումը և գիտական հրապարակումների փոխանակումը։

Այնուհետև քննարկումները շարունակվեցին հումանիտար գիտությունների ֆակուլտետում, որտեղ դիտարկվեցին գիտական նախագծերի իրականացման, գիտական հոդվածների համատեղ հրատարակման հնարավորությունները։ Քննարկված բոլոր հարցերը միտված էին համալսարանի գիտական կյանքի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Այցի մշակութային ծրագրում լեհ գործընկերներին ներկայացվեցին հայկական ազգային ավանդույթները: ՎՊՀ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում  ցուցադրվեց հայկական հարսանեկան ծեսերը պատկերող բեմականացում, որին էլ հաջորդեց ազգային աղանդերի ավանդական հյուրասիրությունը։

Օրն ամփոփվեց ճանաչողական շրջայցով. պատվիրակության անդամներն այցելեցին բնական գիտությունների ֆակուլտետ, Ս․ Մերգելյանի անվան ինովացիոն կենտրոն, ինչպես նաև համալսարանի գրադարան, որտեղ գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը ծանոթացրեց գրադարանի եզակի ու արժեքավոր ֆոնդին։   

Previous Article