Հայտնի են 2024 թվականի լավագույն ուսանողների անունները

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթի արդյունքները։

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները՝ հետևյալ ոլորտներում.

— բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),

— հայագիտություն,

— հումանիտար գիտություններ,

— հասարակագիտություն,

— ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),

— մշակույթ-սպորտ,

— բժշկություն:

Մրցույթի նպատակն էր բացահայտելու և խրախուսելու բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են ակադեմիական բարձր առաջադիմություն, ինչպես նաև խթանելու մրցակցություն՝ բուհերի ուսանողների միջև:

Մրցույթի հաղթողներ են ճանաչվել նշված բուհերի լավագույն 37 ուսանողները, այդ թվում   «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից երեք ուսանողներ զբաղեցրել են մրցանակային տեղեր. մագիստրոսի կրթական ծրագրով «Ծրագրային ճարտարագիտություն» մասնագիտոության  2-րդ կուրսի ուսանողուհի  Ջուլիետա Սիմոնյանը գրավել է երրորդ տեղը՝ բնագիտական  ոլորտում, բակալավրի  կրթական ծրագրով «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հակոբյանը արժանացել է երկրորդ տեղին՝ հումանիտար գիտությունների ոլորտում, մագիստրոսի կրթական ծրագրով «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Եղիազարյանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ հումանիտար գիտությունների ոլորտում:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի և ուսանողության անունից ջերմորեն շնորհավորում ենք հաղթող ուսանողներին և ցանկանում նորանոր ձեռքբերումներ՝ ուսման մեջ և մասնագիտական բնագավառում:

Previous Article
Next Article