«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրին մասնակցության հնարավորություն
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ուսումնական ծրագրի հերթական փուլի մեկնարկը: Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու գործնական հմտություններ և ապահովելու մրցունակ աշխատանք հենց ուսումնառության ընթացքում։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ բուհերի և պետական հավատարմագրում ունեցող համալսարանների 3-րդ կուրսերի այն ուսանողները, որոնք արդեն 4-րդ կուրսում կունենան հետևյալ հնարավորությունները՝
• ստանալ ուսման վարձի մինչև 80% փոխհատուցում (1 տարվա համար),
• մասնակցել 44 ժամ տևողությամբ դասընթացների՝ առաջատար կազմակերպությունների թոփ-մենեջերների կողմից,
• ձեռք բերել մրցունակ մասնագիտական հմտություններ,
• անցնել եռամսյա պրակտիկա կազմակերպություններում,
• ծրագրին ակտիվ մասնակցության դեպքում՝ ստանալ աշխատանքի հնարավորություն։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ՝ info@apagafoundation.am էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ», որից հետո մոտենալ ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոն (գլխավոր մասնաշենք՝ առաջին հարկ)։
Հայտ ներկայացրած ուսանողները կանցնեն ընտրության փուլ՝ ներառյալ անգլերենի, տրամաբանական մտածողության և մոտիվացիայի գնահատում։
Նշենք, որ ծրագրի նախորդ փուլերում արդեն ներգրավվել են 100 ուսանող ՀՀ 17 բուհերից, որոնք արդեն ունեն հիմնական աշխատանք։
