Իրազեկման միջոցառում՝ հեծանվային մշակույթի զարգացման վերաբերյալ
2025 թ. դեկտեմբերի 11-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան այցելեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ անցկացնելու հեծանիվների՝ որպես երթևեկության այլընտրանքային տարբերակների կիրառման մշակույթի ձևավորմանն ուղղված հանրային արշավի ծրագրի վերաբերյալ իրազեկման միջոցառում:
Միջոցառման նպատակն էր համալսարանական միջավայրում բարձրացնել իրազեկվածությունը հեծանիվների կիրառման մասին՝ այն ներկայացնելով որպես էկոլոգիապես մաքուր և անվտանգ փոխադրամիջոց։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը՝ կարևորելով հեծանիվով տեղաշարժվելու մշակույթի ձևավորումը որպես առողջ կենսակերպի խթանման բաղադրիչ, ինչպես նաև ընդգծեց հեծանիվով փոխադրվելու առավելությունները ժամանակակից աշխարհում։
Միջոցառմանը բանախոսեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, նախարարության և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս Գրիգոր Համբարձումյանը։
Բանախոսները համալսարանի և քոլեջի ուսանողներին, դասախոսներին ու աշխատակիցներին ներկայացրին հեծանիվի առավելությունները որպես առօրյա փոխադրամիջոց, դրա դերը առողջ կենսակերպի խթանման գործընթացում, ինչպես նաև մանրամասն անդրադարձան պետության կողմից առաջարկվող պայմաններին ու խրախուսումներին և հեծանվավարման անվտանգության կանոններին։









