«Ինչպես տպագրել հոդված՝ անգլոսաքսոնական ամսագրերում» խորագրով դասախոսությունների շարք՝ Վանաձորի պետական համալսարանում
Ապրիլի 22-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեց Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի դասական բանասիրության պրոֆեսոր Ռոբերտ Մարիքսը: Հյուրը նախ հանդիպում ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի պետ Արմենուհի Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային այցի մանրամասներն ու հետագա համագործակցության մեխանիզմները:
Աշխատանքային այցի ընթացքում Ռոբերտ Մարիքսը հանդիպումներ է ունեցել նաև համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանի և «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի դասախոսների հետ:
Ապրիլի 22-26-ը Վանաձորի պետական համալսարանի Սմարթ կաֆեում Ռոբերտ Մարիքսը հանդես եկավ դասախոսությունների շարքով՝ «Ինչպես տպագրել հոդված՝ անգլոսաքսոնական ամսագրերում» խորագրով: Դասախոսություններին առավելապես մասնակցեցին համալսարանի «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի դասախոսներն ու տարբեր կուրսերի ուսանողները: Մասնակիցների մեծ թվով ներգրավվածությունը դասընթացին վկայում էր ոչ միայն թեմայի արդիականության և պահանջարկի, այլև դասընթացավարի մասնագիտական բարձր պատրաստվածության մասին: Դասընթացավարն իր հերթին հաճելիորեն զարմացած էր մեր համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի մոտիվացիայով և գիտության նկատմամբ հետաքրքրության ու նվիրվածության մակարդակով:
Այցի վերջին օրը Ռոբերտ Մարիքսը նշեց, որ թեև Հայաստանում առաջին անգամ էր, բայց ցանկությունը մեծ է՝ կրկին վերադառնալու, քանի որ այստեղ ինքն իրեն զգացել է հարազատ միջավայրում: Ասում է՝ վանաձորցիների հյուրընկալության և ջերմության մասին դեռ այցի առաջին օրն էր հասկացել: