Ներկայացվեցին ԻԿՄ 4-րդ կուրսի արտադրական պրակտիկայի արդյունքները
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Ձեռներեցության և նորարարության զարգացման» կենտրոնում տեղի ունեցավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկայի ընթացքում իրականացված նախագծերի ներկայացումը:
Պրակտիկան անցկացվել է «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունում: Պրակտիկայի արդյունքների ամփոփմանը ներկա էին Գերազանցության կենտրոն»-ի ղեկավար Նելսոն Մամուլյանը, համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Հեղինե Օհանյանը:
Թվով 4 թիմեր ներկայացան արտադրական պրակտիկայի ընթացքում իրականացրած նախագծերով, կիսվեցին այն տեսական և գործնական գիտելիքներով, որոնք ձեռք են բերել թիմային աշխատանքի արդյունքում, կարևորեցին թիմի գաղափարն ու յուրաքանչյուր թիմակցի դերը՝ աշխատանքի արդյունավետ բաշխման և իրականացման գործում:
Յուրաքանչյուր թիմի նախագծի ներկայացումից հետո եղավ ակտիվ հարցուպատասխան, մատնանշվեցին դրույթներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ դեռ կտարվեն՝ որոշակի թերություններ շտկելու և կատարելագործելու ուղղությամբ:
Համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը հույս հայտնեց, որ արտադրական պրակտիկայի նման ձևաչափով ամփոփումը վարակիչ կլինի մյուս մասնագիտությունների ուսանողների համար և հնարավորություն կտա գործնականում մեկ անգամ ևս ամրապնդել ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները: