«Հուզական և սոցիալական ինտելեկտ» խորագրով ներբուհական սեմինար

2025թ. հուլիսի 26 և 27-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց «Հուզական և սոցիալական ինտելեկտ» խորագրով ներբուհական սեմինար աշխատակիցների և ուսանողների համար։ Այն վարեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, Էրազմուս+ DeSIRe նախագծի անդամ Վանանե Միրզոյանը։ Սեմինարի  անցկացման նպատակն էր Ֆինլանդիայի Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստման ընթացքում ձեռք բերած փորձի փոխանցումը և մեթոդական նյութերի տրամադրումը: 

Սեմինարին մասնակցեց 34 ուսանող և 19 դասախոս ու վարչական աշխատակից:

Սեմինարի ընթացքում մանրամասնորեն քննարկվեց հուզական և սոցիալական ինտելեկտի դերը, հիմնական մոդելները։ Հատուկ ուշադրություն դարձվեց յուրաքանչյուր մոդելի բաղադրիչներին և դրանց նշանակությանը կյանքում և մասնագիտական գործունեության մեջ։

Բացի տեսական քննարկումներից, սեմինարը ներառում էր ինտերակտիվ հատված։ Ներկայացվեց Ֆորում թատրոնի տեսական հիմքերը, հիմնական սկզբունքներն և նպատակները։ Մասնակիցները պետք է ներկայացնեին նախապես կազմած մի խնդրահարույց իրավիճակ, որի  շրջանակներում դերեր բաժանվեցին:  «Հանդիսատեսի» ակտիվ մասնակցությամբ առաջարկվում էին տարատեսակ այլընտրանքային լուծումներ։

Սեմինարը մեծ ոգևորություն առաջացրեց բոլորի մոտ և եղավ առաջարկություն բուհում պարբերաբար իրականացնել նման ֆորում թատրոններ, քանի որ դրանք նպաստում են կոլեկտիվի համախմբվածությանը, հույզերի ազատ արտահայտմանը, արդյունավետ համագործակցությանը, միջանձնային հարաբերությունների կարգավորմանը:

Previous Article
Next Article