Հումանիտար գիտությունների ֆակուլտետում փետրվարի 19-ին եռատոն էր

Փետրվարի 19-ին նշվեց Վանաձորի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օրը՝ մեկտեղելով ամենայն հայոց բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդյան 156-ամյակը և Գիրք նվիրելու օրը։ Միջոցառումը մեկնարկեց ռեկտոր, տեխ․գ․դ․, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանի շնորհավորական խոսքով, այնուհետև՝ դեկանի։ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Մարիյա Բրուտյանը արժևորեց ֆակուլտետի կարևոր դերակատարությունը համալսարանի կյանքում՝ շնորհավորելով բոլոր ներկաներին խորհրդանշական օրվա կապակցությամբ։ Մարիյա Բրուտյանը միաժամանակ շնորհակալական խոսքով հանդես եկավ՝ ուղղված բուհի ղեկավար անձնակազմին, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, հավատարիմ գործատուներին, և իհարկե, ուսանողներին։ Ֆակուլտետի ամբիոնների վարիչները՝ պատմության ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Հերմինե Բաբուռյանը ու օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Թադևոս Թադևոսյանը, ամբիոնների պրոֆեսորները՝  պ․գ․դ․, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը, բ․գ․դ․, պրոֆեսորներ Գուրգեն Խաչատրյանը և Թերեզա Շահվերդյանը ևս հանդես եկան շնորհավորական խոսքով։

Միջոցառումն ուղեկցվեց պարային և երաժշտական կատարումներով։ Դրանից զատ ֆակուլտետի 5 մասնագիտությունների շնորհալի ուսանողները նախապատրաստել էին անակնկալ․ յուրաքանչյուր մասնագիտություն յուրովի ներկայացվեց վերջիններիս կողմից՝ ընդգծելով տվյալ մասնագիտության կարևորությունը թե՛ ուսանողների և թե՛ բուհի համար։

Օրվա խորհրդին համահունչ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ամբիոնների պրոֆեսորները և գործատուները հատկանշական գրքեր նվեր ստացան ֆակուլտետի կողմից, իսկ լավագույն առաջադիմություն ունեցող, հասարակական և գիտահետազոտական ոլորտում ակտիվություն ցուցաբերած ու որպես ավագ լավագույնս իրենց պարտականությունները կատարած ուսանողները արժանացան պատվոգրերի։

Բուն համատեքստի շրջանակներում միջոցառումը շարունակվեց նաև դահլիճից դուրս․ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ֆակուլտետը նախասրահում գրքեր էր նախատեսել ուսանողներին և բոլոր հյուրերին նվիրելու համար։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը կարող էր վերցնել գրքերից իր ցանկացածը։ Դե իհարկե տոնական տրամադրությունն էլ ամփոփվեց ֆակուլտետի օրվա տոնական տորթի կտրման արարողությամբ և հյուրասիրությամբ։

Previous Article
Next Article