Մեծն լոռեցու 155-ամյա հոբելյանը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում
«Կա Մեծարենց, կա Տերյան և բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:
Ե. Չարենց
Փետրվարի 19-ը խորհրդանշական օր է հայ ժողովրդի համար, իսկ լոռեցիներիս համար՝ հատկապես, քանի որ այդ օրը լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյա հոբելյանը։ Թումանյանը հայ իրականության մեջ առաջիններից էր, որ անընդհատ բարձրաձայնում էր Հայաստանում համալսարան ունենալու անհրաժեշտությունը։ Եվ ահա մեծ գրողի անունը կրող համալսարանի հարկի ներքո տոնեցինք նրա ծննդյան հերթական՝ 155-րդ հոբելյանը։ «Անմահ Թումանյան» երաժշտական կատարմամբ ներկաներին ողջունեց համալսարանի ուսանող Արգիշտի Վարդանյանը։
Միջոցառման երաժշտական մասին հաջորդեց ՎՊՀ հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի կազմակերպած մրցույթ-վիկտորինան, որի մասնակից խմբերն էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողուհիները։ Մրցույթի նպատակը Թումանյանի կյանքի և ստեղծագործության ուղիներով հանդիսատեսի հետ ևս մեկ անգամ քայլելն էր։
Համաձայն մրցույթի արդյունքների՝ հաղթող ճանաչվեց երրորդ կուրսեցիների թիմը: Թիմի անդամներին մրցանակներ հանձնեց հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը: Երկրորդ կուրսեցիներին խրախուսական նվերներ հանձնեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հերմինե Բաբուռյանը: Վանաձորի պետական համալսարանի գրադարանի կողմից սահմանված հատուկ մրցանակին՝ Հովհաննես Թումանյանի 145-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութերի ժողավածուին, արժանացավ երկրորդ կուրսեցիների թիմը:
Քանի որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, միջոցառման ավարտին հանդիսատեսին հաճելի անակնկալ էր սպասվում համալսարանի նախասրահում. հումանիտար գիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ ներկաներից յուրաքանչյուրն ընտրեց իր հետաքրքրություններին համապատասխան նվեր-գիրք: