«Հայոց լեզվի ծագումն ու պատմական զարգացումը»․ եռօրյա դասընթաց հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանի մասնակցությամբ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նոյեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Հայոց լեզվի ծագումն ու պատմական զարգացումը» խորագրով եռօրյա դասընթացը՝ լեզվաբան, հայերենագետ, բ․գ․թ, Լեյդենի համալսարանի դոկտոր Հրաչ Մարտիրոսյանի մասնակցությամբ։
Դասընթացը կազմակերպվել էր ՎՊՀ գրադարան-ռեսուրս կենտրոնի և կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի կողմից՝ Հրաչ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ։
Դասընթացից առաջ գիտնականը հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվեց նման նախաձեռնությունների դերը համալսարանական կրթության և գիտական միջավայրի զարգացման գործում, մասնավորապես՝ ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնման, ակադեմիական հետաքրքրությունների խթանման տեսանկյունից։ Ռեկտորը Հ․ Մարտիրոսյանին նվիրեց համալսարանի՝ տարբեր տարիների հրատարակած գիտական հոդվածների ժողովածուներից։
Հրաչ Մարտիրոսյանի այցը համալսարան առաջինը չէր․ լեզվաբանը նախորդ տարիների ընթացքում քանիցս հանդիպել էր համալսարանի ուսանողների հետ, ներկայացրել լեզվաբանական տարբեր հարցեր, կազմակերպել գիտարշավներ և դասախոսություններ։ Այս անգամ, սակայն, եռօրյա դասընթացի առանցքում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում հայ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգությունը՝ նրա ծննդյան 150-ամյա հոբելյանի համատեքստում։
Հանդիպման մեկնարկը նվիրված էր հենց Հրաչյա Աճառյանին՝ հայերենագիտության հիմնադիր և նշանավոր ներկայացուցիչներից մեկին, որի գիտական գործունեությունն ու ժառանգությունը հիմնարար նշանակություն ունեն հայոց լեզվի համակողմանի քննության հարցում։ Անդրադարձ կատարվեց Աճառյանի գիտական մոտեցումների և ուսումնասիրության մեթոդների նշանակությանը ժամանակակից լեզվաբանության և հայերենագիտության զարգացման համատեքստում։ Դասընթացի կարևոր նպատակներից էր ուսանողների շրջանում մեծանուն գիտնականի ժառանգության նկատմամբ հետաքրքրության խորացումն ու նրա գիտական վաստակի արժևորումը։
Հաջորդ երկու հանդիպման ընթացքում նախատեսված թեմատիկ քննարկումները միտված էին ուսանողներին առավել խորությամբ ներկայացնելու հայոց լեզվի ծագման, պատմական հնչյունաբանության, լեզվական փոխակերպումների և հայերենագիտության հիմնահարցերը։ Գիտնականի հետ անմիջական շփումը հնարավորություն ընձեռեց ոչ միայն խորացնելու տեսական գիտելիքները, այլև գործնական աշխատանքների միջոցով քննելու լեզվաբանական խնդիրներ և ծանոթանալու դրանց գիտական մեկնաբանություններին։
Մայրենի լեզվի պատմության, զարգացման և պահպանության շուրջ նման գիտական քննարկումները կարևոր նշանակություն ունեն համալսարանական միջավայրում։ Դրանք նպաստում են լեզվական գիտակցության խորացմանը, ազգային լեզվամշակութային ժառանգության ճանաչմանն ու դրա նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, նման նախաձեռնությունները նպաստում են գիտական մտքի և կրթական գործընթացի միջև կապի ամրապնդմանը՝ ուսանողներին ներգրավելով մասնագիտական երկխոսության և հետազոտական հետաքրքրությունների զարգացման գործընթացում։
Դասախոսություններին զուգահեռ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանի, միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանի և գրադարան-ռեսուրս կենտրոնի վարիչ Գոհար Գաբոյանի մասնակցությամբ տեղի ունեցան քննարկումներ՝ Հրաչ Մարտիրոսյանի հետ մեր համալասրանի համագործակցությունը շարունակական հիմքերի վրա դնելու և նրա հետ համատեղ գիտական նախագծեր իրականացնելու ուղղությամբ։

Previous Article
Next Article