Հանդիպում Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ․ ՎՊՀ-ում քննարկվեցին և ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադաների արդյունքները
2026 թվականի հունիսի 19-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեցին Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։ Հանդիպման նպատակն էր համագործակցության շրջանակներում ամփոփել և քննարկել 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՎՊՀ-ում 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար անցկացված առարկայական օլիմպիադաների արդյունքներն ու կազմակերպման ընթացքում արձանագրված խնդիրները։
Հանդիպմանը մասնակցում էին 23 դպրոցների տնօրեններ և 13 առարկաների ուսուցիչներ։
Բացման խոսքում համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը կարևորեց դպրոց-համալսարան համագործակցության շարունակական զարգացումը՝ նշելով, որ օլիմպիադաներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Վանաձորի գրեթե բոլոր դպրոցները, ՎՊՀ հենակետային վարժարանը, «Էվրիկա» դպրոցը, ինչպես նաև Շնողի, Լեռնապատի, Գուգարքի, Դարպասի, Բազումի միջնակարգ դպրոցներն ու Ստեփանավանի ավագ դպրոցը։
Ռեկտորը ներկայացրեց օլիմպիադաների կազմակերպման գործընթացում կատարված փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք նպաստել են մրցույթների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ընդլայնել մասնակից դպրոցների աշխարհագրությունը։ Մասնակիցները ևս ներկայացրին նախաձեռնության հետագա կատարելագործմանն ուղղված իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։
Միջոցառման ավարտին ռեկտոր Արմեն Ծատուրյանը հանդիսավորությամբ շնորհակալագրեր հանձնեց ամենաբարձր ցուցանիշներն արձանագրած դպրոցներին և ուսուցիչներին՝ բարձր գնահատելով նրանց ակտիվ մասնակցությունն ու ներդրած ջանքերը։
