Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի հանդիպումը՝ արցախցի ուսանողների հետ
Հոկտեմբերի 17-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Smart Caffe՛-ում տեղի ունեցավ հանդիպում ռեկտոր Ռուստամ Սահակյանի, դեկանների, կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավարի և համալսարանում արդեն իսկ ուսումնառությունը վերսկսած արցախցի 28 ուսանողների հետ: Հանդիպման գլխավոր նպատակը՝ ՀՀ Կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգին ծանոթացնելն էր: Ռ. Սահակյանը ներկայացրեց նաև 2023-2024 ուստարվա ընթացքում արցախցի ուսանողների ընդունելության և ուսումնառության հետ կապված հարցերը, խոսեց քննություններին նրանց մասնակցությունն ապահովելու մասին: Ոլորտի պատասխանատուներն անդրադարձան նաև ուսանողների կողմից բարձրաձայնված հարցերին:
Նմանատիպ հանդիպումներ ևս կլինեն, քանի որ, համաձայն ԿԳՄՍ նախարարության որոշման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում կցագրման գործընթացը շարունակվում է:














