Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համատեղ միջոցառում
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համատեղ միջոցառում
Ապրիլի 8-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառում-ցուցահանդես, որին մասնակցեցին Վանաձորի պետական համալսարանի սպորտի և արվեստի ու օտար լեզուների և գրականության ամբիոնները։
Հմուտ և հայտնի նկարիչների աշխատանքներով զարդարված թանգարանի սրահը համալրվել էր <<Կերպարվեստ>> մասնագիտության ուսանողների կողմից ներկայացված կտավների ցուցադրությամբ։ Հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության պատվին միջոցառումը բացեց ՎՊՀ-ի <<Բիայնա>> երգչախումբը երկու երկրների հիմներով։ Երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը զարդարեց նաև սպորտի և արվեստի ամբիոնի դոցենտ Կարինե Երիցյանը՝ կատարելով ֆրանսիացի հայտնի երգահան Դեբյուսիի ստեղծագործություններից։ Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Սվետլանա Առաքելյանի գլխավորությամբ <<Անգլերեն լեզու և գրականություն>> մասնագիտության ուսանողները գեղեցիկ ֆրանսերեն հնչողությամբ ներկայացրեցին Ֆրանսիայի մասին հետաքրքրաշարժ փաստեր, ֆրանսիական արվեստին ու ֆրանսահայ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին վերաբերող տեղեկություններ։
Միջոցառման կազմակերպիչներին ու ներկաներին ողջունեց կերպարվեստի թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը՝ կարևորելով նման համագործակցությունը երկու հաստատությունների միջև։ Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև ՎՊՀ արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը և նույն ամբիոնի պրոֆեսոր, <<Բիայնա>> երգչախմբի դիրիժոր Սերգեյ Հարությունյանը։