«ՎՊՀ» հիմնադրամի և «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Նոյեմբերի 22-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հյուրընկալվել էր ԱԵԳՄՄ հիմնադիր, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, Արցախի էլեկտրոնային գրադարանի նախաձեռնող և ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը։ Վերջինիս ջանքերով էլ տպագրվում է «Գիտական Արցախ» պարբերականը, որն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում և РИНЦ գիտատեղեկատվական շտեմարանում։ «Գիտական Արցախ»-ը հասարակագիտական հանդես է, որի էջերում լուսաբանվում են հայագիտական հիմնախնդիրները, տարածաշրջանային զարգացումներին ու չճանաչված պետություններին առնչվող, ինչպես նաև հասարակագիտության բնագավառի արդի հիմնահարցերը:
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխ. գ. դ., պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը բարձր գնահատեց «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության 10-ամյա գործունեությունը և արժևորեց արդյունավետ համագործակցությունը գիտակրթական ու գործնական ոլորտներում, ինչից հետո կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի հիմքում երկու կառույցների միջև գիտակրթական և գործնական ոլորտներում առկա համագործակցության ամրագրումն է, մասնավորապես՝ կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրեր, կազմակերպելու են գիտաժողովներ, սեմինարներ, խորհրդակցություններ, փոխանակելու են գիտական, մասնագիտական գրականություն, մեթոդական ձեռնարկներ, աշխատություններ, պարբերականներ և այլ նյութեր:
Այնուհետև Ավետիք Հարությունյանը հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Արցախի էլեկտրոնային գրադարանի կայքը (www.artsakhlib.am), դրանից օգտվելու առանձնահատկություններն ու կայքի առավելությունները: Նա համագործակցության հրավիրեց այն անձանց, ովքեր իրենց գիտական աշխատանքները տպագրել են տարբեր պարբերականներում կամ որպես մենագրություն ու ձեռնարկ, ցանկանում են դրանց էլեկտրոնային տարբերակը զետեղվի կայքում, հետևաբար կարող են ուղարկել artsakhlib@gmail.com էլեկտրոնային փոստին:
Վերջում Ավետիք Հարությունյանը ՎՊՀ-ի ռեկտոր Ռուստամ Սահակյանին փոխանցեց «Գիտական Արցախ» պարբերականի համարները, ներառյալ վերջին՝ 22-րդ համարը, որում գիտական հոդված են հրապարակել նաև ՎՊՀ-ի պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը և ասպիրանտ Գայանե Չոփուրյանը: