Գիտխորհրդի նիստ
Ապրիլի 29-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը։
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ռեկտոր Արմեն Ծատուրյանը հայտնեց, որ
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ՎՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Զարուհի Գրիգորյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ Ռեկտորը և գիտխորհրդի անդամները շնորհավորեցին գործընկերոջը՝ մաղթելով նորանոր գիտամանկավարժական ձեռքբերումներ և բեղմնավոր գործունեություն։
Կարիերայի աջակցման և շարունակական կրթության մասնագետ Աիդա Իսկանդարյանը զեկուցեց մասնագիտական կողմնորոշման և դիմորդների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղիների մասին։ Կարևորվեց իրազեկման արշավների ընդլայնումը՝ բուհի մրցունակությունն ապահովելու նպատակով։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց ինքնուրույն աշխատանքների կազմակերպման նոր ձևերի կիրառումը, ինչը միտված է ուսանողների ինքնակրթության և հետազոտական կարողությունների զարգացմանը։
Մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ, պ․գ․թ․, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի զեկուցմամբ արվեստի և սպորտի ամբիոնի ավագ դասախոս Նելլի Պապանյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար անցկացվեցին ընտրություններ։
Փակ քվեարկության արդյունքներն ամփոփեց բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Հերմինե Գրիգորյանը։ Ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշվեց (կողմ՝ 32, դեմ՝ 0, անվավեր՝0) Նելլի Պապանյանին շնորհել դոցենտի գիտական կոչում։
Գիտքարտուղար, մ․գ․թ․, դոցենտ Սեդա Բեժանյանի զեկուցմամբ գիտական խորհուրդը որոշեց հրատարակության երաշխավորել մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանի «Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա» ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված մագիստրատուրայի ուսանողների համար։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանն անդրադարձավ ՀՀ բարձրագույն կրթության նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված բարեփոխումներին։ Քննարկվեցին պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման նորացված ընթացակարգերը։
Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին հետևյալ կանոնակարգերը․
Գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտաժողովների կազմակերպման և անցկացման կանոնակարգը։
ՎՊՀ իրավաբան Մերի Կարապետյանը ներկայացրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգը։









