«Հոգեբանամանկավարժական գիտությունների զարգացման արդի հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով ՎՊՀ-ում՝ նվիրված Ռոդիկ Ավագիմյանի ծննդյան 80-ամյակին
2026 թ․ հոկտեմբերի 2-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Հոգեբանամանկավարժական գիտությունների զարգացման արդի հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողով։ Այն նվիրված էր ՎՊՀ նախկին ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոդիկ Ավագիմյանի ծննդյան 80-ամյակին։
Գիտաժողովը կազմակերպվեց Վանաձորի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից։
Եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և հիբրիդային (անցանց և առցանց) ձևաչափով անցկացված գիտաժողովի նպատակն էր քննարկել ոլորտի արդի հիմնախնդիրները, խթանել գիտահետազոտական փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցությունը Հայաստանի և արտերկրի գիտակրթական հաստատությունների միջև։
Լիագումար նիստին ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Պապոյանը, գիտաժողովի նախագահ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը և գիտաժողովի քարտուղար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վանանե Միրզոյանը։ Հատուկ տեսանյութով ներկայացվեց Ռոդիկ Ավագիմյանի կյանքն ու մասնագիտական գործունեությունը։
Նիստի ընթացքում տեսաուղերձով ելույթ ունեցավ Զիգմունդ Ֆրոյդի անվան մասնավոր համալսարանի (Վիեննա) բժշկական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ Ալֆրիդ Լենգլեն։ Զեկույցով հանդես եկան նաև Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի և Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կուդրյավցևը, Ռուս-Հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտումյանը։
Ռոդիկ Ավագիմյանի գիտական ժառանգությանը և տեսական մոտեցումներին անդրադարձան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արինե Ավագիմյանը և ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ․ Հայկ Ավագիմյանը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ ՎՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի Ռոդիկ Ավագիմյանի անվան լսարանի պաշտոնական բացման արարողությունը (վերջինիս զավակների՝ Արինե և Հայկ Ավագիմյանների նախաձեռնությամբ և աջակցությամբ), որտեղ ելույթ ունեցան ՎՊՀ ռեկտոր, գիտությունների դոկտոր Արմեն Ծատուրյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Ժամհարյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը։ Ելույթներն իր շնորհակալական խոսքով ամփոփեց Ռոդիկ Ավագիմյանի որդին՝ Հայկ Ավագիմյանը:
Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական 6 բաժանմունքներում։
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Գիտաժողովի նախագահ Լիլիթ Բաղդասարյանի կողմից վկայականներ և շնորհակալագրեր շնորհվեցին մասնակիցներին և գիտաժողովի աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանն աջակցած աշխատակիցներին։ Միջազգային գիտաժողովի անցկացումը ևս մեկ անգամ փաստեց Վանաձորի պետական համալսարանի հանձնառությունը գիտական համագործակցության և մասնագիտական երկխոսության զարգացման գործում։















