Գիրք նվիրելու օրը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված գրքի ու ընթերցանության մշակույթի խթանմանը։ Բուհի գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթին ներկա էին համալսարանի և ՎՊՀ քոլեջի դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ և հյուրեր։
Ներկաներն ունկնդրեցին Ստեփան Զորյանի տուն-թանգարանի գիտաշխատող, բուհի շրջանավարտ Մերի Հակոբյանի «Խոսքի և զրույցի այդ կախարդ վարպետը» բանախոսությունը։ Անդրադառնալով օրվա հոբելյարի՝ Հովհաննես Թումանյանի և Ս․ Զորյանի բարեկամությանը՝ բանախոսը ներկայացրեց վերջինիս թողած հուշերը Ամենայն հայոց բանաստեղծի մասին։ Մ․ Հակոբյանը պատասխանեց նաև ներկաների հարցերին՝ իր խոսքում հստակ ընդգծելով երկու անվանի լոռեցիների թողած ավանդը հայ գրականության մեջ, շեշտելով նրանց անգնահատելի դերը սերունդների մտածողության և արժեքային համակարգի ձևավորման գործում։
Համահունչ լինելով օրվա խորհրդին՝ Մ․ Հակոբյանը և գրադարանի վարիչ Գ․ Գաբոյանը փոխանակվեցին գրքերով։
Այնուհետև ելույթ ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը։
Միջոցառման ընթացքում բուհի ղեկավարության կողմից շնորհակալագրեր հանձնվեցին ակտիվ ընթերցողներ Սիրարփի Առաքելյանին («Հայոց լեզու և գրականություն» մասնագիտություն, 5-րդ կուրս) և Էրիկ Սարգսյանին («Կերպարվեստ» մասնագիտություն, 4-րդ կուրս)։
Ցերեկույթի շրջանակներում ընթերցասրահում կազմակերպվել էր «Գիրքը՝ նվեր» խորագրով հետաքրքիր ցուցադրություն, որտեղ ներկայացված էին համալսարանի գրադարանի հնատիպ և հազվագյուտ գրքերը ։
Միջոցառման ավարտին գրադարանի վարիչ Գ․ Գաբոյանը ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին գրքատոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց և գիրք նվիրեց «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Աթիկյանին՝ միջոցառումը հիանալի վարելու համար։



