«Ֆրանսիայի շունչը՝ հայկական իրականության մեջ» խորագրով միջոցառում՝ Վանաձորի պետական համալսարանում
Մարտի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Ֆրանսիայի շունչը՝ հայկական իրականության մեջ» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: Միջոցառման ներկաները մտովի տեղափոխվեցին Փարիզի ամենահայտնի սրճարաններից մեկը, որտեղ եղել են այնպիսի հայտնի հայ մարդիկ, ինչպիսիք են Միշել Լեգրանը, Գարզուն, Ռոզի Արմենը և մեր ամենասիրելի Շարլ Ազնավուրը։
Համալսարանի ուսանողները Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ պատրաստել էին Ֆրանսիան լավագույնս ներկայացնող գեղեցիկ երաժշտական համարներ՝ վոկալ, դաշնամուրային, պարային և իհարկե հնչեցին նաև ֆրանսիական երգարվեստում առաջնային տեղ ունեցող Շարլ Ազնավուրի երգերից:
Ուսանողները ոչ միայն պատմեցին ֆրանսիական ավանդական ուտեստների մասին, այլև ներկաներին հյուրասիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստված կրուասանները, նրբաբլիթները:
Միջոցառման ընթացքում Ֆրանսիան և ֆրանսիական հարուստ մշակույթը ներկայացվեցին բազմակողմանիորեն, չէ որ Ֆրանսիան ասես մեծ թանգարան լինի։ Բոլոր քաղաքներն այստեղ հայտնի են պատմական իրադարձություններով և թագավորական պատմություններով։ Հին ճարտարապետություն, ամրոցներ ու դղյակներ այստեղ կգտնեք ամեն քաղաքում, ամեն քայլափոխի՝ Լուվր, Վերսալ, Հաղթական կամար, Հաշտության հրապարակ։
Այն, ինչ ֆրանսիական է, արդեն էլեգանտ է ու ճաշակ է թելադրում. նորաձևություն, լավագույն օծանելիքներ, ֆիլմեր, տարբերվող ապրելակերպ. սա է Ֆրանսիան։ Միջոցառումն ընթացավ ֆրանսերենով և ուղեկցվեց հայերեն թարգմանությամբ: Մասնակիցները հեռացան հաճելի տպավորություններով և ֆրանսիական շունչը հոգում կրելով:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է 320 միլիոն ֆրանսախոսների, հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը՝ ներկայացնելով նաև Ֆրանկոֆոնիայի արժեքները։