Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչների այցը ՎՊՀ
Ս․թ․ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան համալսարանում հյուրընկալվել էին Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը։ Հանդիպման նպատակն էր Վանաձորի հանրությանը ծանոթացնել Էրազմուս+ ծրագրի առաջարկների (https://bit.ly/3pbhqeO) և նոր ռազմավարական ուղղությունների մասին։
ՎՊՀ ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ռ․ Սահակյանը ողջունեց հյուրերին՝ նշելով Էրազմուս+ ծրագրի կարևորությունը թե՛ ՎՊՀ-ում, թե՛ առհասարակ Հայաստանում կրթությունը բարեփոխելու առումով։ Նա հավելեց, որ ներկայումս ՎՊՀ-ն ներգրավված է կարողությունների զարգացման երեք նախագծերում և Ժան Մոնե գործողությունների մեկ նախագծում։ Գործող և ավարտված բոլոր նախագծերը բավականին դրականորեն են ազդել ՎՊՀ-ի միջազգայնացման, ռազմավարական պլանավորման, նորարարական դասավանդման մեթոդների ներդրման, դոկտորական կրթության համակարգի, Համալսարան-Տնտեսություն կապի խթանման առումով։
Օրվա երկրորդ կեսին Լանա Կառլովան և Վարդ Ղուկասյանը հանդիպեցին ՎՊՀ ռեկտորի և Էրազմուս+ ԿԶԲԿ «Համալսարան-տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանի, նախագծի անդամներ Վարդուհի Հովսեփյանի, Հեղինե Օհանյանի, Հրայր Պապոյանի և գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմինե Հարությունյանի հետ՝ իրականացնելու նախագծի հերթական մշտադիտարկում։ Գոհար Դոխոլյանը ներկայացրեց նախագծի շրջանակներում իրականացված ՎՊՀ-ի կողմից մինչ այժմ կատարված աշխատանքները։ Նախագծի պատասխանատուները հատկապես կարևորեցին նախագծի շրջանակներում նախատեսվող SMART ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրման հանգամանքը, ինչը մեծապես կնպաստի երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը, Համալսարան-Տնտեսություն կապի խթանմանը, նորարարական նախագծերի իրականացմանը։ Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ են մեծ ջանքեր նաև ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ձեռնարկատիրական հմտությունները բարելավելու, գործատուների հետ համագործակցությունն ամրապնդելու և բազմազանեցնելու առումով։
Հանդիպման ավարտին տիկին Լանա Կառլովան և Վարդ Ղուկասյանն այցելեցին նաև Էրազմուս+ նախագծերի շրջանակներում կահավորված լսարաններ և ծանոթացան լսարաններում իրականացվող աշխատանքներին։