«Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառում ԿԳՄՍ նախարարության հարկի տակ
Հունիսի 20-ին Էրազմուս+ ազգային գրասենյակի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ տեղի ունեցավ 2023թ. դրամաշնորհի արժանացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի տեղեկատվական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էր բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչ, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներ, հասարակական կազմակերպություններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք։ Մեկնարկային օրվա առաջին կեսին ներկայացվեցին Էրազմուս+ ՀԳ2 «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» 8 նախագծերը, որոնցից երեքի համակարգողները հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններ են. Երևանի պետական համալսարան (KPI4HE նախագիծ), Հայաստանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան (T4GREEN նախագիծ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան (DeSIRe նախագիծ): ՎՊՀ-ից միջոցառմանը ներկա էին «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում փափուկ հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան»/ DeSIRe նախագծի համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լուսիկ Վարդանյանը և նախագծի համահամակարգող, նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գոհար Դոխոլյանը: Լուսիկ Վարդանյանը պլենար նիստին բանախոսներից էր: Իր խոսքում նա անդրադառձավ նախագծի հիմնական նպատակներին, ակնկալվող արդյունքներին, կանխատեսվող ռիսկերին ու մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին։ Լ. Վարդանյանն անչափ կարևորեց բուհական կթության մեջ մասնագիտական հմտություններին զուգահեռ ճկուն հմտությունների զարգացումն ու կատարելագործումը, ինչը 21-րդ դարի աշխատաշուկայի արդի պահանջներից է: Նախագծի կարևոր նպատակներից է Հայաստանի և Վրաստանի գործընկեր բուհերում ներդնել փափուկ հմտություններին վերաբերող 5 մոդուլներ և 5 բաց զանգվածային առցանց դասընթացներ (MOOC-եր), որոնք միտված են զարգացնելու ուսանողների ձեռնարկատիրական, կառավարման, հույզերի կառավարման, առաջնորդության, գործարար անգլերենի և շատ այլ ճկուն հմտություններ, որոնց շնորհիվ բուհերը կթողարկեն մրցունակ շրջանավարտներ:
Միջոցառման մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: