Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում
Ս․թ․ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» խորագրով համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի, Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության աջակցությամբ:
Մեկօրյա համաժողովը համախմբեց բարձրագույն կրթական հաստատությունների, պետական կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` ծանոթանալու ձեռնարկատիրական կրթության ոլորտում առկա նախաձեռնություններին և լավագույն փորձին, ինչպես նաև քննարկելու Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում ձեռնարկատիրական և նորարարական ուղղության զարգացման ու տարածման հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը:
Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։
Պանելային քննարկումներն անդրադարձան Հայաստանում ձեռնարկատաիրական կրթության զարգացման ոլորտում առկա լավագուն փորձին և նախաձեռնություններին ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» նախագծի, Էրազմուս+ “INNOCENS,” “SMART,” “CONNECT,” “FlexWBL” և “WBL4JOB” կարողությունների զարգացման ծրագրերի և Բրիտանական խորհուրդների «Ստեղծարար միտք» ծրագրի շնորհիվ։ Հիմնական բանախոսներն էին՝
- Մարիամ Բաբայանը, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» նախագծի խորհրդական,
- Աննա Թանթուշյանը, «ՔԱԹԸԼԻՍԹ» բարձր տեխնոլոգիաների եվ ձեռներեցության զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն,
- Անի Թորոսյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի Ծրագրի պատասխանատու,
- Անի Հովհաննիսյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ, Բրիտանական խորհուրդ․ «Ստեղծարար միտք» ծրագրի գործընկեր,
- Ամալյա Մխիթարյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) ղեկավար։
Նրանք կիսվեցին քաղած դասերով, բացահայտեցին և վերլուծեցին Հայաստանում ձեռնարկատիրական կրթության զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները:
Միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր Ձեռնարկատիրական կրթության միտումները, մարտահրավերներն ու առավելությունները թեմայով առցանց զեկույցներին, որոնք ներկայացվեցին Փոփոխության դպրոցի Զարգացման գծով տնօրեն Նիլ Մարշալի և Նորթամբրիա համալսարանի Դիզայնի դպրոցի դասախոս Մարկ Բեյլիի կողմից։
Համաժողովն ավարտվեց երկու խմբային քննարկումներով՝ «Հայաստանում ձեռնարկատիրական կրոթության զարգացման համար էկոհամակարգի ձևավորում» և «Կրթական հաստատությունների կարողությունների բարձրացում»։ Երկրորդ խմբի քննարկումները վարեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Խմբերի անդամները պատրաստեցին և ներկայացրին իրենց՝ հաստատությունների փոփոխությունների ճանապարհային քարտեզներով, դրանք համեմատեցին ընդհանուր արդյունքների, խոչընդոտների և լուծումների տեսանկյունից:
Նյութի աղբյուր՝ erasmusplus.am