Երևանում կայացավ DeSIRe նախագծի եզրափակիչ համաժողովը

2026 թ. հոկտեմբերի 7–9-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հյուրընկալեց Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի եզրափակիչ համաժողովը։ Հիբրիդային ձևաչափով անցկացված միջոցառմանը մասնակցեցին կոնսորցիումի հայ, վրացի և եվրոպացի գործընկերները, որակի ապահովման ազգային գործակալությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ուսանողներ և շրջանավարտներ։

Առաջին օրը նվիրված էր «Նախագծի ձեռքբերումներից՝ ազդեցություն» թեմային։ Միջոցառումը վարեց ՀՊՄՀ օտար լեզուների ֆակուլտետի դեկան, դոկտոր Տիգրան Միքայելյանը։ Ելույթներով հանդես եկան ՀՊՄՀ պրոռեկտոր, դոկտոր Նաիրա Սաֆարյանը, ՎՊՀ ռեկտոր, դոկտոր Արմեն Ծատուրյանը, Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող, դոկտոր Մարիաննա Սարգսյանը, Դրեզդենի տեխնիկական համալսարանի նախագծի ղեկավար, դոկտոր Ջերարդ Քալենը, ՈԱԱԿ տնօրեն, դոկտոր Ռուբեն Թոփչյանը, և DeSIRe նախագծի համակարգող, դոկտոր Լուսիկ Վարդանյանը։

Աշխատանքային փաթեթների համար պատասխանատու թիմերի անդամները՝ Գոհար Դոխոլյանը, Ռաիսա Ավետյանը, Իռմա Գրձելիձեն, Իգնասիո Ջ. Բլանկոն, Ֆիլիպ Փեննին, Մերի Բարսեղյանը, Ջերարդ Քալենը և Արփինե Հակոբյանը, ներկայացրին նախագծի հիմնական ձեռքբերումները։ Ձեկույցները նաև վերաբերում էին նախագծի շրջանակում ներդրված փափուկ հմտություններին վերաբերող հինգ մոդուլներին, զանգվածային բաց առցանց հինգ դասընթացներին (MOOC) և դրանց առնչվող գնահատման մեթոդաբանությանը։ Այնուհետև գործընկեր համալսարանները ներկայացրին իրենց փորձը և ձեռք բերված ազդեցությունը։ Օրն ավարտվեց «Պատրա՞ստ են արդյոք հայկական և վրացական ԲՈՒՀ-երը 21-րդ դարի աշխատավայրին» խորագրով պանելային քննարկմամբ, որը վարեց Տիգրան Միքայելյանը։ Քննարկմանը մասնակցեցին Դիմիտրի Ջափարիձեն, Իռմա Գրձելիձեն, Մերի Ղազարյանը, Արփինե Հակոբյանը, Սոնա Ալավերդյանը, Մերի Բարսեղյանը և ՀՊՄՀ-ի «անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մանե Խաչատրյանը։

Երկրորդ օրը նախագծի կայքը մասնակիցներին ներկայացրեց կայքի պատասխանատու Վալերիա Ռաչեևան։ Տիգրան Միքայելյանը ներկայացրեց «Փափուկ հմտությունների զարգացման, դասավանդման և գնահատման գործնական ուղեցույցը», իսկ պրոֆեսոր Իգնասիո Ջ. Բլանկոն՝ MOOC-երի ստեղծման ուղեցույցների ձեռնարկը։ ՈԱԱԿ քաղաքականության վարչության իրականացման բաժնի մասնագետ, Մերի Բարսեղյանը ներկայացրեց MOOC-երի վրա հիմնված միկրոորակավորումների և հավաստագրման գործընթացը։ Այնուհետև համալսարանները ներկայացրին իրենց Փափուկ հմտությունների լաբորատորիաների բիզնես պլաններն ու ճանապարհային քարտեզները։ Համաժողովի կարևոր իրադարձություններից էր հայկական և վրացական համալսարանների միջև փափուկ հմտությունների լաբորատորիաների գործունեության շրջանակում համագործակցության համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։

Նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը վարեց «Համաշխարհային սրճարան» (World Café) ձևաչափով նիստ՝ նվիրված բարձրագույն կրթությունում փափուկ հմտությունների երկարաժամկետ ներդրմանը. քննարկումները վարում էին Ջերարդ Քալենը, Իռմա Գրձելիձեն և Իգնասիո Ջ. Բլանկոն։ Աշխույժ խմբային քննարկումներից հետո մոդերատորներն ամփոփեցին հիմնական եզրահանգումները։

Հոկտեմբերի 9-ին, համաժողովի փակումից հետո, կոնսորցիումի գործընկերներն անցկացրին համակարգման հանդիպում՝ նվիրված նախագծի մնացած խնդիրներին։

DeSIRe նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՄՀ ողջ թիմին և բոլոր գործընկերներին նախագծում իրենց արժեքավոր ներդրման համար։ Իր հերթին՝ կոնսորցիումի անդամներն իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնեցին նախագծի համակարգողին նվիրված և արդյունավետ համակարգման համար։

Previous Article
Next Article