Էստոնիայում կազմակերպված «Զուգահեռներ. Ժամանակակից հայկական արվեստ» խորագրով ցուցահանդես՝ ՎՊՀ դասախոս Վահան Շահբազյանի մասնակցությամբ

2026 թ. մարտի 7-ին Տարտու քաղաքի Էստոնիայի ազգային թանգարանում տեղի ունեցավ «Զուգահեռներ. Ժամանակակից հայկական արվեստ» խորագրով ցուցահանդես։

Նախագիծը, որի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, իրականացվել է Վանաձորի պետական համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի դասախոս, նախագծի համադրող Վահան Շահբազյանի ակտիվ մասնակցությամբ։ Ցուցահանդեսում ընդգրկված էին աշխարհի յոթ երկրներից 25 հայ նկարիչներ, որոնցից Աննա Թորոսյանը, Տիգրան Թադևոսյանը և Մնացական Եզեկյանը ևս ՎՊՀ «Կերպարվեստ» մասնագիտության շրջանավարտներ են։

Այս նախագիծը հայկական ժամանակակից արվեստի ինքնատիպ հաղթարշավն է Եվրոպայում, որի նպատակն է ցույց տալ հայ արվեստագետի ձայնն ու տեղը համաշխարհային մշակութում։ «Սա մեծ պատասխանատվություն է և երկու կողմերի երկարատև աշխատանքի արդյունքը։ Մենք հպարտ ենք, որ կարող ենք մեր արվեստը հասանելի դարձնել եվրոպացի հանդիսատեսին և արվեստի միջոցով վերհանել համամարդկային արժեքները», — նշել է Վահան Շահբազյանը։

Նա առանձնահատուկ կերպով արժևորեց նախագծի գլխավոր պրոդյուսեր Լյուդմիլա Մեսրոպյանի այս նախաձեռնությունն ու ավանդը դրա իրականացման գործում,  ինչպես նաև բարձր գնահատեց թանգարանի գլխավոր համադրող Ռեետ Մարկի մասնագիտական ներդրումն ու աջակցությունը։

Հատկանշական է, որ 2024 թ. մարտի 9-ին նույն թանգարանում տեղի ունեցած Վահան Շահբազյանի անհատական ցուցահանդեսից հետո ձևավորվել է արդյունավետ համագործակցություն «Mellnovfest MTÜ, Mellnov Gallery»-ի հետ, որի շրջանակում նա հանդես է եկել որպես Հայաստանից հրավիրված համադրող։ Այս համագործակցությունը կարևոր հիմք է դարձել հայկական արվեստը եվրոպական մշակութային միջավայրում առավել տեսանելի դարձնելու համար։

Նշենք, որ մարտի 19-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը ընդունել է Վահան Շահբազյանին՝ շնորհավորելու նրան մասնագիտական կարևոր ձեռքբերման առթիվ։ Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել նրա ներդրումը ոչ միայն համալսարանի, այլև Եվրոպայում հայկական արվեստի  ճանաչելիության բարձրացման գործում։

Վանաձորի պետական համալսարանը հպարտությամբ է արձանագրում իր աշխատակիցների հաջողությունները միջազգային հարթակներում և շնորհավորում է արվեստագետին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական վերելքներ։

Previous Article
Next Article