Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Մարտի 26-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կայացավ գիտխորհրդի հերթական նիստ։ Օրակարգը հագեցած էր բուհի գիտակրթական գործունեության և ուսումնական պլանների վերաբերյալ առանցքային հարցերով։
Գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար Ա․ Հարությունյանը ներկայացրեց գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների և երիտասարդ հետազոտողների ներգրավվածության վերաբերյալ զեկույց, որն ընդունվեց ի գիտություն։ Վերջինիս զեկուցմամբ գիտխորհրդի անդամները քննարկեցին և հաստատեցին 2026թ. գիտական խմբերի հայտերը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․ Կոստանդյանի զեկուցմամբ հաստատվեցին՝
2026-2027 ուստարվանից ներդրվող բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի նոր ուսումնական պլանները։
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մի շարք մասնագիտությունների («Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն») մագիստրատուրայի 1,5 տարի տևողությամբ նոր ուսումնական պլանները։
«Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի ուսումնական պլանում փոփոխություններ կատարելու հարցը։
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի կարիքների վերհանմանն ու վերլուծությանը վերաբերող զեկույց, որը հիմք կհանդիսանա բուհի հետագա ռազմավարական քայլերի համար։
Գիտխորհրդի որոշմամբ վերանայվեցին և սահմանվեցին նաև 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի վարձավճարները։
Գիտխորհրդի անդամները քննարկեցին Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման կանոնակարգ»-ի փոփոխությունների վերաբերյալ զեկույցը (զեկուցող՝ ՎՊՀ իրավաբան Մ․ Կարապետյան)։
ՎՊՀ ռեկտոր Ա․ Ծատուրյանը ներկայացրեց 2025-2026 ուստարում դպրոցականների օլիմպիադաների կազմակերպման ընթացակարգը՝ կարևորելով բուհ-դպրոց կապի ամրապնդումը և շնորհալի աշակերտների բացահայտումը։






