ARMDOCT նախագծի համակարգման հանդիպում՝ հայաստանյան գործընկեր բուհերի մասնակցությամբ
Հունիսի 17-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում տեղի ունեցավ #ARMDOCT նախագծի համակարգման հանդիպում՝ հայաստանյան գործընկեր բուհերի մասնակցությամբ։Համակարգման հանդիպումը վարում էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Վերջինիս մասնակցում էին Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներ, ինչպես նաև նախագծի հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և համակարգողներ։Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT նախագծի շրջանակներում ԿԳՄՍ ԲՈԿ նախագահի հետ համատեղ կազմված 4 աշխատանքային խմբերը՝ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետազոտողներից բաղկացած, այժմ մշակում և վերամշակում են երրորդ աստիճանի ընդունելության, ուսուցման և հետազոտության, աստիճանաշնորհման, կրեդիտային համակարգի ինչպես նաև բարեվարքության կանոնակարգերը՝ հիմքում ունենալով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով (N 44-Լ, 16.11.2021թ.) հաստատված ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը։Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հստակեցվեցին փոխադարձ ակնկալիքները, և պարզ դարձավ, որ Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման ԿԳՄՍ նախարարության և նախագծի առաջնահերթություններն ու օրակարգը համահունչ են: Ողջունելով ներկաներին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը կարևորեց հետևյալը․ «Դոկտորական կրթության բարեփոխումները պետք է զուգահեռենք երրորդ աստիճանի կրթության որակի ապահովման և մշտադիտարկման կայուն մեխանիզմներով, ինչպես նաև լիցենզավորման պահանջների վերափոխմամբ, որպեսզի դոկտորական ծրագրեր իրականացնելու հնարավորություն ունենան միայն այն հաստատությունները, որոնք կբավարարեն նվազագույն պահանջները»։ Փոխնախարարն իր խոսքում անդրադարձավ նաև ղեկավարի ինստիտուտի կայացմանը մասնավորապես նշելով․ «Բարեփոխման գործընթացում պետք է կարողանանք կայացնել նաև ղեկավարի ինստիտուտը և բազմաթիվ չափանիշներ փոխելով հստակեցնենք, թե ովքեր կարող են ղեկավարել ասպիրանտի հետազոտական աշխատանքը, որպեսզի ակնկալենք որակյալ գիտական աշխատանք»։Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտկան կենտրոնի ղեկավար, ARMDOCT նախագծի համակարգող Արևիկ Օհանյանը ներկայացնելով նախագծի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները՝ տեղեկացրեց, որ վերոհիշյալ կանոնակարգերի վերջնական նախագծային տարբերակներն արդեն ամփոփվում են աշխատանքային խմբերի կողմից և առաջիկայում կներկայացվեն նախարարություն՝ դիտարկումներ ներկայացնելու համար։ Ա․ Օհանյանն իր խոսքում նշեց նաև հետևյալը․ «Մեր ուսումնասիրությունները ցույց ենք տալիս, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են ծրագրային, ֆակուլտետային, ինստիտուցիոնալ կամ միջբուհական, միջոլորտային համագործակցությունները։ Նախագծի շրջանակներում ոչ միայն վերոհիշյալ համագործակցությունների համար իրավական համապատասխան բազա է ստեղծվել, այլ նաև առաջիկայում պիլոտային կերպով կգործարկվեն բազմաձև դոկտորական ծրագրեր՝ ներգրավելով նաև մասնավոր կամ պետական ոլորտների կազմակերպությունների, միջազգային համագործակիցների»։Կարեն Թռչունյանը կարևորելով բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների, արդյունաբերական ոլորտի համագործակցությունը խթանող երկարաժամկետ նպատակային ծրագրերի ներդրումը նշեց հետևյալը․ «մեր երկրում այժմ արդյունաբերական և ակադեմիական ու գիտական կազմակերպությունների համատեղ հետազոտությունները գրեթե բացակայում են և համատեղ արդյունաբերական դոկտորական ծրագրերի ներդրումը նորարարություն կլինի»։Ամփոփելով հանդիպումը որոշվեց հնարավորություն տալ ծրագրի անդամ բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին պիլոտային կերպով ներդնել բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթության կազմակերպման նոր մոդելներ՝ համագործակցային ցանցերի (կոնսորցիումների) դոկտորական դպրոցների ձևավորմամբ և համագործակցային դոկտորական ծրագրերի (այդ թվում՝ համատեղ արդյունաբերական դոկտորական ծրագրեր) մշակմամբ։