Վկայականների հանձնում Էրազմուս+ CONNECT նախագծի շրջանակներում անցկացված դասընթացի մասնակիցներին
Էրազմուս+ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» Connect (https://connecterasmus.com/) նախագծի շրջանակներում 2022թ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 12-ը իրականացվեց «Մրցունակ գիտելիքի ծրագիրը», որը բաղկացած էր երեք դասընթացներից.
Դասընթաց 1. Առաջնորդություն և արվեստի հմտություններ,
Դասընթաց 2. Բիզնեսի աքսելերացիայի դասընթաց,
Դասընթաց 3․ Թվային հմտությունների զարգացման դասընթաց։
Բոլոր երեք դասընթացներն անցկացվել են հիբրիդային ձևաչափով՝ ներառելով համաժամանակյա (սինխրոն) և տարժամանակյա (ասինխրոն) ուսուցում, ինչը ՎՊՀ-ի և այլ արևելյան գործընկերության երկրների բուհերի համար պիլոտային դասընթաց էր։
Դասընթացները մշակվել են ԵՄ բուհերում վերապատրաստված համալսարանի 12 աշխատակիցների կողմից։
Առերես հանդիպումների ժամանակ դասընթացի մասնակիցները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու հաջողակ գործարարների հետ, որոնք կիսվեցին իրենց դրական փորձով և խորհուրդներով ։
Ծրագրի ավարտի կապակցությամբ ս/թ փետրվարի 13-իննորաբաց SMART CAFFE-ում հանձնվեցին վկայականներ դասընթացներին մասնակցած 21 ուսանողներին։
Համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը շնորհավորեց ուսանողներին ձեռնարկատիրության ոլորտին առնչվող նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու կապակցությամբ և նշեց, որ մասնակիցները համարվում են SMART CAFFE-ի լիիրավ անդամ, որոնց ակտիվ ներգրավվածությունը բուհի բիզնես գաղափարների հղացման գործում շատ կարևորվում է։
Նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանը նույնպես կարևորեց ուսանողների ակտիվությունը և մոտիվացիան նորարարական գաղափարներ կյանքի կոչելու գործում և հորդորեց աշխատել ավելի մեծ խանդավառությամբ:
Դասընթացների ընթացքում համալսարանի ռեկտոր պրոֆ․ Ռուստամ Սահակյանի նախաձեռնությամբ արդեն ստեղծվել են փոքր խմբեր, որոնք աշխատում են նորարարական գաղափարների շուրջ։ Ռ․ Սահակյանը և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հ․ Պապոյանը պարբերաբար հանդիպում են ուսանողների հետ ։
Նախագծով նախատեսված «Մրցունակ գիտելիքի ծրագրի» երկրորդ մեկնարկը կլինի ս/թ մարտի 15-ից հետո։