Երգով անցած տասնամյակ․ «Բիայնա» երգչախումբը տոնեց գործունեության 10-ամյակը
Երգը հիշողություն է, հոգևոր ժառանգություն և սերունդներին միավորող լեզու։ Այն ժամանակի ընթացքում շարունակում է ապրել ու փոխանցվել սերնդեսերունդ՝ շնորհիվ այն մարդկանց նվիրումի, որոնք իրենց աշխատանքով ու արվեստով կենդանի են պահում ազգային երաժշտական արժեքները։ Այս գաղափարն էր միավորել Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի «Բիայնա» երգչախմբի հոբելյանական համերգի մասնակիցներին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 3-ին Վանաձորի արվեստի պետական քոլեջի մեծ դահլիճում՝ նվիրված երգչախմբի գործունեության 10-ամյակին։ Հոբելյանական համերգին ներկա էին համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, աշխատակիցներ և ուսանողներ։
«Բիայնա» երգչախումբը հիմնադրվել է 2016 թվականին Սերգեյ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ Գուգարաց թեմի «Սուրբ Տիրամայր» երգչախմբի հիման վրա։ Համույթը տասնամյա գործունեության ընթացքում անցել է ստեղծագործական իր ճանապարհը՝ ձևավորելով սեփական դիմագիծը համալսարանական մշակութային կյանքում։ Այդ տարիները նշանավորվել են համատեղ աշխատանքով, երաժշտական որոնումներով և հայ երգարվեստի հանդեպ առանձնահատուկ նվիրումով։
Հոբելյանական միջոցառումը վարում էր երգչախմբի անդրանիկ անդամներից մեկը՝ Զարուհի Խաչատրյանը, ով իր խոսքը սկսեց «Բիայնայի» պատմության անդրադարձով՝ ներկայացնելով, թե ինչպես է ձևավորվել երգչախումբը, ինչ ճանապարհ է անցել և ինչպես է տարիների ընթացքում դարձել մի մեծ ընտանիք։ Հիշողությունների ու անցած ուղու վերհանումը ներկաներին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ արժևորելու այն աշխատանքն ու նվիրումը, որոնց շնորհիվ համույթը հասել է իր տասնամյա հոբելյանին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Տեր Վահան քահանա Ազարյանը՝ ընդգծելով «Բիայնա» երգչախմբի կարևոր դերը Վանաձորի կյանքում և նրա ներդրումը քաղաքի հոգևոր ու մշակութային միջավայրի հարստացման գործում։
Այնուհետև ելույթ ունեցավ «Երջանիկ տարեցներ» մշակութային միության նախագահ Աշոտ Դալլաքյանը։ Շնորհավորելով երգչախմբին հոբելյանի առթիվ՝ Աշոտ Դալլաքյանը բարձր գնահատեց Սերգեյ Հարությունյանի երկարամյա աշխատանքն ու նվիրումը՝ նրան հանձնելով պատվո դիպլոմ։ Պատվոգրով պարգևատրվեց նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը, ով դրել է երգչախմբի հիմքը և նշանակալի ներդրում ունեցել դրա ձևավորման ու զարգացման գործում։
Համերգային ծրագիրն ընդգրկեց հայ երաժշտական ժառանգության տարբեր ժամանակաշրջաններն ու ուղղությունները ներկայացնող ստեղծագործություններ։ Հնչեցին Ներսես Շնորհալու հոգևոր շարականը, Խաչատուր Ավետիսյանի, Գուրգեն Խաչատրյանի, Կոմիտասի, Ջեյմս Գոզալյանի, Ալեքսանդր Աճեմյանի ստեղծագործությունները։ Ծրագրում իրենց ուրույն տեղն ունեին նաև հայկական ժողովրդական երգերը՝ Թաթուլ Ալթունյանի և Էդուարդ Կզարթմյանի մշակումներով։ Հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական երգերի համադրությունը համերգին հաղորդեց բովանդակային հարստություն՝ ունկնդրին հնարավորություն տալով հաղորդակցվելու հայ երգարվեստի բազմաշերտ աշխարհին։ Երգչախմբային կատարումներին լրացնում էին մենակատարային ելույթները, իսկ միջոցառման ընթացքում նվագակցում էին Սյուզաննա Փոթինյանն ու Կարինե Երիցյանը։
Կատարումներում միահյուսվեցին հոգևոր խորությունը, ժողովրդական երգի անկեղծ հնչերանգներն ու հայրենասիրական ստեղծագործությունների ուժը։ Յուրաքանչյուր երգ իր տրամադրությունն ու պատմությունն ուներ՝ ունկնդրին երբեմն տանելով դեպի ազգային հիշողության ակունքները, երբեմն էլ փոխանցելով հայրենիքի, սիրո և մարդկային ապրումների մասին ուղերձները։
Հոբելյանական համերգի ամենահուզիչ դրվագներից մեկը դարձավ երգչախմբի տարբեր սերունդների հանդիպումը բեմում։ Այս կարևոր օրվա առիթով Գյումրիից Վանաձոր էր եկել «Բիայնայի» նախկին անդամ Անի Տիրացույանը, ով մեծ կարոտով և հպարտությամբ կրկին բարձրացավ բեմ։ Այնուհետև խմբի ավագ և կրտսեր անդամները միասին երգեցին։ Դահլիճում այդ պահին կարծես միավորվել էին ոչ միայն ձայները, այլև տարիները, հիշողություններն ու ապրումները։ Նախկին և ներկա անդամների համատեղ կատարումը դարձավ հոբելյանի ամենազգացմունքային պահերից մեկը՝ հիշեցնելով, որ «Բիայնայի» պատմությունը միայն բեմում հնչած երգերով չէ, որ գրվել է։ Այն նաև միասին անցկացրած ժամանակի, ընկերության, փոխադարձ աջակցության և երաժշտության շուրջ ձևավորված ամուր կապերի պատմություն է։
Միջոցառումն ամփոփեց ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը՝ շնորհակալություն հայտնելով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Հարությունյանին տարիների անմնացորդ աշխատանքի և նվիրումի համար։ Նա ընդգծեց «Բիայնա» երգչախմբի կարևոր դերը համալսարանական կյանքում՝ կարևորելով դրա ներդրումը համալսարանի մշակութային կյանքի հարստացման գործում։
Հոբելյանական համերգը պարզապես երաժշտական ծրագիր չէր․ այն տասնամյա աշխատանքի, ստեղծագործական նվիրումի և անցած ճանապարհի արժևորման առիթ դարձավ։ Այն ևս մեկ անգամ ընդգծեց, որ ազգային երգը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կան այն սիրող, պահպանող և հաջորդ սերունդներին փոխանցող մարդիկ։






