«Առցանց ատելության խոսքի և վիրավորանքի նույնականացում և բացառում» խորագրով դասընթաց ՎՊՀ-ում
Նոյեմբերի 3-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացվեց «Առցանց ատելության խոսքի և վիրավորանքի նույնականացում և բացառում» խորագրով դասընթացը՝ «moderAItor 2.0․ ԱԲ տեխնոլոգիաները՝ հանուն ժողովրդավարական երկխոսության և թվային իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Այն նպատակ ուներ զարգացնելու առցանց հարթակներում ատելության խոսքի և վիրավորանքի, մասնավորապես՝ գենդերային և քաղաքական հիմքով դրսևորումների ճանաչման, նույնականացման և դրանց դեմ պայքարի գործնական հմտությունները։
Դասընթացն ընդգրկեց երկու հիմնական ուղղություն․
Առաջին՝ իրավական ուղղության շրջանակում, փաստաբան, ՀՀ և միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց խոսքի ազատության և ատելության խոսքի միջև իրավական սահմանազատումը, Եվրոպական միության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական չափանիշներն ու նախադեպային պրակտիկան։ Անդրադարձ կատարվեց նաև քաղաքական և առցանց ատելության խոսքի վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումներին և դատական պրակտիկային։
Երկրորդ՝ գենդերային ուղղությամբ, Արիզոնայի համալսարանում վերապատրաստված, Երևանի պետական համալսարանի դասախոս Անի Կոջոյանը ներկայացրեց գենդերային հիմքով ատելության խոսքի, բացասական կարծրատիպերի և գենդերազգայուն հաղորդակցության առանձնահատկությունները։ Քննարկվեցին մեդիայում և թվային միջավայրում գենդերային կարծրատիպերի դրսևորումները, դրանց՝ խտրականություն և ատելություն հրահրելու հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև առցանց բուլինգի և թիրախավորման մեխանիզմները։
Դասընթացին կհաջորդի տվյալահենք հետազոտական կրթաթոշակների ծրագիրը, որի շրջանակում մրցութային կարգով ընտրված վեց ուսանողներ կստանան հետազոտական ֆինանսավորում և առաջատար մասնագետների մենթորությամբ moderAItor-ի տվյալների հիման վրա կիրականացնեն գիտական հետազոտություններ։ Աշխատանքները կներկայացվեն մասնագիտական գրախոսման և կհրապարակվեն՝ նպաստելով նաև բուհի հետազոտական գործունեության զարգացմանը։
Ծրագիրն իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ։


