«Բաց դռների օր» Վանաձորի պետական համալսարանում
Ապրիլի 13-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա վերջին «Բաց դռների օր» միջոցառումը, որի շրջանակում Լոռու մարզի դպրոցների, քոլեջների և վարժարանների աշակերտներն ու ծնողները հանդիպեցին համալսարանի ռեկտորի, դեկանների, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ:
Ընդունելության քննությունների հայտերի ընդունումը կմեկնարկի ապրիլի 15-ից:
Հանդիպման նպատակն էր տեղեկատվություն տրամադրել 2023-2024 ուստարվա ընդունելության քննությունների մասին:
Հանդիպման սկզբում ընդունող հանձնաժողովի նախագահ Վաղինակ Նազարյանը ներկայացրեց ընդունելության քննությունների դիմում-հայտերի լրացման ձևաչափը, Վանաձորի պետական համալսարանի պաշտոնական կայքից՝ vsu.am օգտվելու ձևը, միասնական և ներբուհական քննությունների ընթացակարգը:
Այնուհետև համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրին ֆակուլտետների կողմից առաջարկվող մասնագիտություններն ու դրանց որակավորումները:
Քննարկվեցին նաև բակալավրի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի, անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման, զեղչային արտոնություններից օգտվելու, ներքին և արտաքին շարժունության, ուսումնական և արտաուսումնական պրոցեսների կազմակերպման հարցերը:
Հանդիպման վերջում աշակերտներն ու ծնողները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված բուհական համակարգի հետ:
Ի դեպ՝ ցանկացողները դեռ կարող են միանալ հոկտեմբերից համալսարանում իրականացվող նախապատրաստական անվճար դասընթացներին: Հերթագրվելու համար անհրաժեշտ է մոտենալ բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանին: