Վանաձորի պետական համալսարանում կայացավ «Բաց դռների օր» ավանդական դարձած միջոցառումը
Բուհ-դպրոց կապի շրջանակում փետրվարի 8-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Բաց դռների օր» ավանդական դարձած հանդիպումը՝ Լոռու մարզի դպրոցների, քոլեջների, վարժարանների աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես եկան բուհ-դպրոց կապերի համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանն ու համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը:
Հանդիպմանը Վանաձորի պետական համալսարանը ներկայացրին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մարիյա Բրուտյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, քոլեջի տնօրեն Արևիկ Լոքյանը, ինչպես նաև ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղինակ Նազարյանը:
Հանդիպման նպատակն էր աշակերտներին ծանոթացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգին, համալսարանի ընձեռած հնարավորություններին, բակալավրի, քոլեջի և վարժարանի կողմից առաջարկվող մասնագիտություններին՝ նպաստելով աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը:
Հանդիպումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով: Աշակերտներին հուզող հարցերի շրջանակը լայն էր՝ շարժունության ծրագրեր, օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների կարգ, մասնագիտություններ և համապատասխան որակավորումներ, ուսման անվճար և վճարովի համակարգեր, զեղչային համակարգ, մասնագիտություն-աշխատաշուկա համապատասխանություն և այլն:
Պատասխանատուների հավաստմամբ՝ նմանատիպ հանդիումներ առաջիկայում ևս կլինեն: