Բաց դաս-քննարկում
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում արդեն ավանդույթ է դարձել «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնի IV կուրսեցիների համար, «Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի դասախոս, տ․գ․թ․, դոցենտ Ն․Խուբլարյանի կողմից «Տվյալների հենքեր» առարկայի դասավանդումն ավարտել հաշվետվության մի հետաքրքիր ձևաչափով, ինչը ամփոփում է յուրացված նյութը։ 25.12.2024-ին այդ շրջանակներում կազմակերպվեց բաց դաս-քննարկում, երբ ուսանողները ներկայացրեցին դասընթացի շրջանակներում իրենց ավարտուն խնդիրները։ Ինչպես նշեց Ն․Խուբլարյանը, դժվարությունն այն է, որ նյութի մեկնաբանությանը զուգահեռ ինքն աշխատել է յուրաքանչյուր ուսանողի հետ անհատական, քանի որ կուրսի ուսանողներից յուրաքանչյուրն ունեցել է սեփական խնդիրը, իհարկե տարբեր բարդության և խորության, ըստ հնարավորությունների։ Սա է նախագծային ուսուցման հմայքը և բարդությունը։ Դասախոսը պետք է դասաժամն այնպես ռացիոնալ բաշխեր, որ 24 դասախոսության և 30 ժամ լաբորատոր աշխատանքների շրջանակներում ներկայացնի նյութը, քննարկի նախագծերը, վեր հանի տիպային սխալներն ու անհատական թերացումները և աշխատի յուրաքանչյուր ուսանողի հետ սեփական նախագծի շրջանակներում։ Դասընթացը ընթանում է հետաքրքիր տրամաբանությամբ, ինչն ունի նախագծային ձևաչափ։ Ուսանողն ուսումնասիրում է տեսական նյութը, խորանում է յուր նախընտրած խնդրի առարկայական ոլորում, կազմում օբյեկտներ նկարագրող աղյուսակներ, համալրում դրանք դաշտերով, որոնց տալիս է տարբեր հայտանիշներ, ձևավորում է աղյուսակների կապերը, համապատասխանացնում այն նորմավորման պահանջներին, ձևավորում է հայեցակարգային (կոնցեպտուալ) կապերը (ի դեպ սա գործընթացի ամենաբարդ փուլերից մեկն է), կազմում հարցումներ MS Access և SQL միջավայրերում և այս ամենը խմբավորում և տեղակայում կոճակային ընտրանու հիերարխիկ ձևաչափում։ Վերջինս կազմվում է հնարավորինս իրատեսական և առավելագույնս մոտ շահագործման վիճակի։
Բաց դասին նախագծերը ներկայացնող ուսանողներին տրվեցին հարցեր ներկա դասախոսների կողմից, արվեցին պարզաբանումներ և արժեքավոր ուղղորդումներ։
Քննարկումը բուռն էր և արդյունավետ, միջոցառումը հաջողված էր և ուսանելի։