Պարգևատրվեցին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հաղթողները
Դեկտեմբերի 5-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի պետ Արմենուհի Հարությունյանը, բուհ-դպրոց կապերի աշխատանքների համակարգող–մասնագետ Աիդա Իսկանդարյանը, մրցութային հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը և հանձնաժողովի անդամ Էլֆիկ Զոհրաբյանը:
Մրցույթի մասնակից 65 աշակերտներից լավագույն 17-ն արժանացան շնորհակալագրերի, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներն արժանացան պատվոգրերի և խորհրդանշական նվերների:
Մրցույթի լավագույն արդյունք ցուցաբերած աշակերներին ողջունեց և շարունակական հաղթանակներ մաղթեց «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանը։
Մրցանակային առաջին տեղը զբաղեցրած Աշոտ Հայրապետյանը, ևս մեկ անգամ կարդաց «Ազնավուրը Ազնավուրի մասին» ստեղծագործությունից մի հատված, իսկ Աննա Գրիգորյանը հանդես եկավ իր յուրօրինակ կատարմամբ։
Ժյուրիի հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը շնորհավորեց մրցանակակիրներին և կոչ արեց ակտիվորեն մասնակցել առաջիկայում կայանալիք ասմունքի փառատոնին։
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կրկին շնորհավորում է մրցույթին լավագույնս ներկայացած մասնակիցներին և ցանկանում նորանոր հաղթանակներ: