«Ազգային գրադարանային շաբաթ 2026». «Գրադարանը փոփոխվող կրթության պայմաններում․ մարտահրավերներից դեպի հնարավորություն» թեմայով սեմինար-քննարկում
Ապրիլի 15-ին «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում Վանաձորի պետական համալսարանի գրադարանում կազմակերպվեց «Գրադարանը փոփոխվող կրթության պայմաններում․ մարտահրավերներից դեպի հնարավորություն» խորագրով սեմինար-քննարկում։ Այն իրականացվեց համալսարանի կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի հետ համատեղ՝ ընդգրկելով դպրոցների ներկայացուցիչներին և գրադարանավարներին։
Սեմինարը մեկնարկեց գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը, ով ողջույնի խոսքում կարևորեց դպրոցի գրադարանավարների հետ մասնագիտական խնդիրների համատեղ քննարկումը և բուհի գրադարան-ռեսուրս կենտորնի համակարգող դերը՝ դրանց վերհանման գործում։ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանն իր ողջույնի խոսքում վստահեցրեց, որ քննարկումները կտան գործնական լուծումներ և նորարարական գաղափարների գեներացում։
Մինչ բուն քննարկումների մեկնարկը, հանդիպումն առանձնահատուկ մշակութային շնչով լցրեց քանոնահարուհի Շուշանիկ Քարհանյանը։
Սեմինար-քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ժամանակակից կրթական գործընթացներում գրադարանների դերի վերաիմաստավորմանը, առկա խնդիրներին և զարգացման հնարավոր ուղիներին։ Քննարկվեցին հատկապես գրքային ֆոնդի համալրման, վերապատրաստումների անհրաժեշտության, այդ ուղղությամբ առկա մարտահրավերների և հնարավոր լուծումների հարցերը։
Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին գործնական առաջարկներ՝ ուղղված համատեղ միջոցառումների կազմակերպման, մասնագիտական և ՏՀՏ վերապատրաստումների անհրաժեշտությանը, նմանատիպ հանդիպումների իրագործմանը։
Հանդիպումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ ստեղծելով արդյունավետ երկխոսության հարթակ մասնագետների միջև և նախանշելով հետագա համագործակցության հնարավորությունները։
Հանդիպման ավարտին մասնակիցները ստացան խորհրդանշական նվերներ՝ գրքեր, որից հետո նրանց համար կազմակերպվեց ճանաչողական շրջայց համալսարանի գրադարանում։



