Էրազմուս+ «ARMDOCT» ծրագրի շրջանակներում անցկացված աշխատաժողով Տերամոյում

Էրազմուս+ «ARMDOCT» ծրագրի շրջանակներում անցկացված աշխատաժողով Տերամոյում

Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-17-ն ընկած ժամակահատվածում Իտալիայի Տերամոյի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Տերամոյի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 50 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ Իտալիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին և վերջին տարիների բարեփոխումներին, դոկտորական ծրագրերի նորարարական կառուցվածքներին` արդյունաբերական, ազգային, համագործակցային և այլ դոկտորական ծրագրեր, ինչպես նաև Տերամոյի համալսարանում հետազոտական աշխատանքների որակի ապահովման մեխանիզմներին: Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Տերամոյի համալսարանի ռեկտոր Դինո Մաստրոկոլան, պրոռեկտորներ՝ Պաոլա Պիտիան (Միջազգայնացման և համատեղ ուսումնական ծրագրերի գծով պրոռեկտոր), Բարբարա Բարբոնին (Դոկտորական կրթության գծով պրոռեկտոր), Դարիո Կոմպանյոնը (Գիտահետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր), ինչպես նաև ARMDOCT ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, Դինո Մաստրոկոլան ընդգծեց դոկտորական կրթության բարեփոխումների և միջազգային համադրելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այս գործընթացում ի դեմս Տերամոյի համալսարանի ARMDOCT ծրագիրն ունի հուսալի և պատրաստակամ գործընկեր։ Մեջբերելով համալսարանի առաքելությունը վերջինս նշեց․ «Տերամոյի համալսարանն իր առաքելությունը նախանշում է երեք մակարդակներում` ուսուցում, հետազոտություն և հանրային ծառայություն։ Մենք կարևորում ենք առաջխաղացումը, միջազգայնացումն ու կայուն զարգացումը, և այս համատեքստում ուրախալի է, որ Հայաստանում մեկնարկած բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները համահունչ են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ու Եվրոպական հետազոտական տարածքի առաջնահերթություններին։ Ուրախ եմ նաև, որ մենք՝ ի դեմս Տերամոյի համալսարանի, մասնակից ենք դառնում Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման կարևորագույն գործին»։

Տերամոյի համալսարանի պրոռեկտորները ողջունելով ներկաներին կարևորեցին ARMDOCT ծրագրի և դոկտորական կրթության բարեփոխմանը միտված մյուս ծրագրերի դերը։ Վերջիններս ակտիվ մասնակցելով ծրագրի աշխատանքներին մեկնարկից ի վեր՝ փաստեցին, որ գործընկերների կողմից արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացվել և, որ միջազգայնացման համատեքստում Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի բարեփոխումներն այլընտրանք չունեն։

Արևիկ Օհանյանը ներկայացնելով ARMDOCT ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները կարևորեց հետևյալը. «Ծրագրի հաջող իրականացմանը մեծապես նպաստում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ կիսելով ծրագրի տեսլականը, որն է՝ բարեփոխել դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ: Այս փուլում, ծրագրի հիմնական ձեռբերումներից է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգի հաստատումն ու գործարկումը։ Սա քայլ առաջ էր՝ հնարավորություն տալով և աջակցելով դոկտորական կրթության զարգացման, դոկտորական ծրագրերի բազմազանության և նորարարական կառուցվածքների ներդրման համար։ Հայեցակարգի հիման վրա մշակվել և վերամշակվել են նաև բարձրագույն կրթության երրորդ աստիճանը կարգավորող համապատասխան իրավական փաստաթղթերն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք այժմ գտնվում են քննարկման և վերանայման փուլում, իսկ առաջիկայում նախատեսվում է ապահովել դրանց պիլոտային ներդրումը»։ Ամփոփելով խոսքը Ա․ Օհանյանը կարևորեց նաև կոնսորցիումի անդամների միջև երկարաժամկետ համագործակցության խթանումը՝ հույս հայտնելով, որ ARMDOCT ծրագիրը մի շարք նոր համագործակցությունների և միջազգային համատեղ դոկտորական ծրագրերի մեկնարկի սկիզբ կդառնա։

Միջոցառման ընթացքում ՀՀ բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները ներկայացրեցին իրենց պլանները դոկտորական դպրոցների/ ծրագրերի զարգացման ուղղությամբ։ Բացի թեմատիկ մի շարք ներկայացումներն ու փորձի փոխանակման հանդիպումները, եվրոպական համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ նպատակ հետապնդելով բացահայտել դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, վերջինս տեղայնացնել հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում:

Այցի շրջանակներում, մասնակիցների համար կազմակերպվել էին շրջայցեր և փորձի փոխանակման հանդիպումներ Տերամոյի համալսարանի տարբեր կառուցվածքային միավորներում՝ ինկուբատորներ, լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ և այլն)։

Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University-ի համակարգմամբ ծրագրի անդամ 15 հաստատությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

  Այցին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, այդ թվում՝ Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խումբը՝ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ծրագրի համակարգող Արեն Սանթոյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հերմինե Բաբուռյանը :

Ծրագրի հայաստանյան գործընկերները ներկայացրին  իրենց համալսարաններում տարվող աշխատանքները՝ այս պահին որ փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ինչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակներում, ինչ խոչընդոտներ են առկա դոկտորական կրթության բարելավման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում հայաստանյան բուհերի ներկայացուցիչները անդրադարձան ծրագրի սահմաններում  համալսարաններում ձևավորվող դոկտորական դպրոցներին։

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը ներկայացրեց  Վանաձորի պետական համալսարանի հետագա անելիքները, այն է` իրականացնել կրթական ծրագրերի միջազգային բենչմարքինգ` ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերը նոր պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, իրականացնել համագործակցություն ներպետական և միջազգային ներբուհական մակարդակներում՝ միջգիտակարգային հետազոտությունների կատարման նպատակով՝ մշակելով մեխանիզմներ ատենախոսությունների համատեղ ղեկավարման համար, որը նախատեսում է հայաստանյան և արտասահմանյան բուհերի մասնագետների ներգրավում: